Այսօր' փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստը հետաձգվեց: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1 մասի 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը այսօր հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում դրված նախագծերը։ Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարցեր չկան, նիստը համարվում է փակված»։

Աժ նախագահը տեղեկացրեց, որ նախագծերը հետ են կանչվել տեխնիկական պատճառներով։ «Նախաձեռնողը նույն բովանդակությամբ նոր, համանման նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Աժ արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցում ստացել եմ։ Մեկ ժամից տեղի կունենա Աժ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի համանման միջնորդությունը ՝ գումարել Աժ արտահերթ նիստ»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանը նույնպես պնդեցին, որ նախագծի հետ կանչման պատճառները տեխնիկական էին և շուտով կշտկվեն: