Երեկ համացանցում տարածվեցին Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և Մարիամ Կիրակոսյանի նամակագրության շքրինշոթերը, որտեղ վերջինիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է գրում պատգամավորը։ Թեև Բաբաջանյանը հերքեց դրանք՝ ասելով, որ կեղծ  տեղեկություններ են տարածում  և ինքը որևէ մեկին չի հայհոյել, սակայն Մարիամ Կիրակոսյանը պնդում է, որ փաստեր ունի։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մարիամ Կիրակոսյանը պատմեց, որ ի սկզբանե՝ նամակագրություն տեղի է ունեցել իր՝ արտերկրում ապրող քրոջ և Արման Բաբաջանյանի միջև․ «Սկզբում հայհոյել է քրոջս՝ Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելու համար։ Քույրս դիմեց ինձ, ես էլ գրեցի Արման Բաբաջանյանի, թե ի՞նչ իրավունքով է հայհոյախառն արտահայտություններ թույլ տվել իրեն ուղղել քրոջս՝ պատգամավոր լինելով հանդերձ։ Նամակագրություններում տեսած կլինեք, թե ինչպես է պատասխանել ինձ։ Թեև ինքը հերքեց, բայց չէ՞ որ կա ապացույց, կա նամակագրություն։ Եթե ինքը չի մտնում իր ֆեյսբուք, ապա ո՞վ է մտնում։ Երևի հայտնի խոսքի պես «ես չեմ, իմ օգնականն է, հեռախոսս կորցրել եմ»»,- ասաց նա։

Մարիամ Կիրակոսյանն ասաց, որ պատրաստվում են դիմել ԱԺ-ի էթիկայի հանձնաժողով՝ պահանջով, որ Արման Բաբաջանյանը ներողություն խնդրի։  

 

Նշենք, որ Մարիամ Կիրակոսյանի հայտարարությունից հետո, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Քիչ առաջ տեղեկացա, որ քաղաքական այլախոհներս դիմել են նոր ձեռնածության՝ շրջանառում են, իբր, իմ կողմից հայհոյախառն երկխոսությամբ «սքրինշոթեր»՝ Ռ. Քոչարյանի աջակիցներից մեկի հետ: Չեմ ուզում նույնիսկ ծանոթանալ դրա բովանդակության, տարածողների ով լինելու հետ: Ամենևին դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ, որ ձեր էջերով այդ որակի հայհոյախառն «սքրինշոթեր» տարածեք: Վստահ եմ, որ դրանից ձեր «ընկերների» թիվը միայն կնվազի: Ինձ անձնապես ճանաչողները կվկայեն, որ այն, ինչ տարածվում է, իմ խոսույթը չէ և իմ բառամթերքը չէ: Ես առանց հայհոյանքի շատ արդյունավետ պայքարում եմ իմ քաղաքական հակառակորդների հետ:

Հ.Գ. Ավել ծավալվելու ժամանակ չունեմ, որովհետև պատրաստվում եմ վաղվա պատմական նիստին, բայց, իհարկե, չեմ զլանում ներողություն խնդրել իմ անունով տարածվող այդ անհեթեթության համար»,- գրել է պատգամավորը: