ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները քիչ առաջ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Փետրվարի 6-ին Հայաստանի Ազգային ժողովը որոշել է գումարել արտահերթ նիստ՝ քննարկելու համար մի շարք փոփոխություններ, որոնցով կչեղարկվի Սահմանադրական դատարանի նկատմամբ եղած այն պահանջը, որի համաձայն Սահմանադրական դատարանը եզրակացություն է տալիս՝ արդյոք օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ։ Բացի այդ, ներկայացվել է նաև սահմանադրական օրենքի փոփոխություն, որն, ամենայն հավանականությամբ, ուղղված է գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների լիազորությունների դադարեցմանը։ Այս օրենքի փոփոխությունն անմիջապես ուժի մեջ է մտնելու։

 

Այս երկու թեմաները շատ կարևոր են և այս փոփոխությունները կարող են ունենալ երկարատև հետևանքներ սահմանադրական ինստիտուտների գործունեության համար։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք այլ հարցեր, մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ խորհրդատվության համար դիմել Վենետիկի հանձնաժողովին, ԵԽ-ի սահմանադրականության հարցերով փորձագիտական մարմնին։ Մենք կարծում ենք, որ այդ խորհրդատվությունը, որը կարելի է ստանալ արագացված կարգով, սեղմ ժամկետներում, շատ արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ ներառյալ ՀՀ ընտրազանգվածը, եթե անցկացվի հանրաքվե»: