ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հեղինակած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նախագիծը սահմանում է՝ դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում երթևեկելը:
Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար, իսկ մեքենան առանց «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում վարելու համար՝ 5000 դրամ տուգանք: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք օրենքի նախագծի հեղինակ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հետ:
- Ինչու որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, առաջարկի հիմքում փաստական ինչ տվյալներ և ուսումնասիրություններ են:
-Մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության նորմերը ցածր շեմի վրա են: Տվյալները ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին վթարների թիվը կտրուկ աճում է: Ուսումնասիրեցինք տարբեր երկրների փորձը՝ հասկանալու՝ ինչպես են ապահովում եղանակով պայմանավորված վթարների նվազագույն շեմը: Ուսումնասիրելիս հասկացանք, որ երկու կարևոր կարգավորում չունենք մեր երկրում, մեկը վերաբերում էր ձմեռային անվադողերով երթևեկելուն, մյուսը՝ լուսարձակները միացրած երթևեկելուն: Լուսարձակը միջազգային ստանդարտներով համար մեկ զգուշացնող ու անվտանգություն ապահովող նորմն է, որով եռակի- քառակի անգամ բարելավվում է տեսանելիությունը և տարածքի, և մեքենայի՝ հետիոտնի համար: Հետիոտնը լույսից լարվում է, կենտրոնանում: ԵԱՏՄ երկրների, եվրոպական երկրների մեծ մասը օգտագործում են լուսային լապտերները որպես պարտադիր սկզբունք: Ավտոմեքենա արտադրող ընկերությունները նույնպես գնացել են անվտանգությանը հետևելու սկզբունքով, արտադրվող մեքենաների լուսարձակները միանում են, երբ մեքենան գործի ես գցում, այսինքն լուսարձակ միացնելու խնդիրը մարդու վրա չի դրված, այն միանում է ավտոմատ:
- Օրենքի նախագծով ինչ է սահմանվում հայ վարորդի համար:
-Տեսեք՝ երկրներ կան, որոնք օրենքով կարգավորում են՝ մեքենայի լուսարձակները պետք է միացված լինեն միշտ, երբ մեքենան ընթացքի մեջ է, մենք այս նախագծով առաջարկում ենք գոնե չորս ամիս, եղանակով պայմանավորված, պարտադիր դարձնել լուսարձակները միացնելը, և այդ ամիսներին ձմեռային անվադողերով երթևեկելը: Ժամկետում տեսանելիության և ճանապարհային խնդիրներ առաջացնող ամիսներն են՝ Դեկտեմբերի 1-ից- Մարտի 31-ը: Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք, և մեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանության տարածք: Նույնը լուսային լապտերների մասով, տվյալ ամիսներին երթևեկելիս պարտադիր նորմ է դառնալու լուսային լապտերները միացնելը, այս օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամ: Լուսարձակների ու անվադողերի այս հարցը օրենքով կարգավորված չէ մեզ մոտ, ամեն տարի կառավարութունն ու ՏԻՄ-երը հորդորում են մեքենան վարել ձմեռային անվադողերով և լուսարձակները միացրած, բայց քանի որ չկա օրենք, չի էլ վերահսկվում: Եթե այս նախագծի արդյունքը նկատելիորեն արդյունավետ լինի, ես նորից հանդես եմ գալու ժամկետները երկարաձգելու նախաձեռնությամբ:
-Կառավարության կողմից առաջարկ եղավ տարանջատել տուգանքի չափը և ավելի բարձր տուգանք սահմանել հանրային երթուղիների և տաքսիների համար: Դուք դեմ էիք, կարծես թե, այնուամենայնիվ, նախագծի մեջ այս մասով փոփոխություն նախատեսո՞ւմ եք:
-Ես այդ հին բաժանարար սկզբունքին ամբողջությամբ դեմ եմ: Ոլորտը մի քանի մասի բաժանելով արդյունք չենք ստանա, որովհետև պետավտոտեսուչը այդ պահին չի կարողանա հիմնավորել մեքենան տաքսի է, թե՝ ոչ, այդ պահին իր ընտանիքին է տեղափոխում, թե օրինակ՝ ծառայություն է մատուցում: Այսօր «Յանդեքս», «ՋիՋի» և այլ ծառայություններ կան, որոնց մեքենաներն արտաքին տեսքից տաքսի չեն հիշեցնում ամենևին: 200.000 տաքսու ծառայություն մատուցողներից 5 տոկոսն են գրանցված, ինչու այդ 5 տոկոսը տուժի, մյուսները, նույն գործն անելով, արտոնյալ կարգավիճակ ստանան: Կառավարությունն առաջարկում է հանրային երթուղիներն ու տաքսիները տուգանել 25.000 դրամ, իսկ ոչ հանրային ծառայություն մատուցող վարորդներին՝ 15000 դրամ: Դեմ եմ այս սկզբունքին, և փոփոխություն այս մասով չի լինի նախագծում, 20.000 կմնա ընդհանուր շեմ:
- Անվադողերի ո՞ր տեսակն եք նախատեսում պարտադիր դարձնել այդ ամիսներին:
-Անվադողերը տարբերակելու միջազգային կարգ կա, աշխարհում 5 տեսակի անվադողեր են հայտնի՝ ձմեռ, մայրուղի, արագընթաց, ունիվերսալ, ունիվերսալ արագընթաց: Այս 5 նորմից ես կողմ եմ «ձմեռ» տարբերակին, որի վրա փաթիլի նշան կա, կարծում եմ՝ սա ամենաապահովն է, նախագծում էլ հենց այդ տեսակն եմ նշել:
-«Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանը պնդեց, որ այս նախագիծը սոցիալական բեռ է դառնում քաղաքացիների համար, ի՞նչ կարծիքի եք այս մասին:
-Այդ բեռը անվտանգ երթևեկություն ունենալու համար ոչինչ է, նժարին մարդկային կյանքն է դրված: Ես վստահ եմ՝ քաղաքացիների մեծ մասը դրական է արձագանքելու: Մեկ տարի հետո մենք կտեսնենք նախագծի արդյունավետությունն ու վթարների թվի նվազումը:
-Նախագիծը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց, փոփոխություններից ու լրացումներից հետո, հավանաբար կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ օրենքն ընդունելու դեպքում, այն ե՞րբ կմտնի ուժի մեջ:
-Նախագիծը քննարկման փուլում է, այո, վիճակագրություններ ու տվյալներ կան, որոնցով պետք է լրացնել ու հագեցնել այն, որից հետո, ես էլ եմ վստահ՝ կընդունվի երկրորդ ընթերցմամբ: ԱԺ լիագումար նիստում ընդունվելուց հետո՝ օրենքն ուժի մեջ կմտնի և կկիրառվի այս տարի Դեկտեմբերի 1-ից:
Աիդա Կիրակոսյան