Հանրակրթության ոլորտում խժդժություններ են սկսել այն բանից հետո, երբ ԿԳՄՍ-ի կողմից Երևանի խոշոր դպրոցների կառավարման խորհուրդներ են ուղարկվել անձինք, որոնք, ըստ դպրոցների աշխատակիցների, լծվել են ոչ թե դրական փոփոխություններ իրականացնելու, այլ դպրոցների համբավը սևացնելու և «հին» տնօրեններից ազատվելու գործին: 

 

 

Համացանցում մեզ հանդիպած տեղեկության համաձայն, ԿԳՄՍ-ն միջազգային դոնորներից սնվող Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներից 15 ներկայացուցիչ է գործուղել դպրոցներ: Նրանցից աչքի է ընկնում, հատկապես, Վահրամ Սողոմոնյանը, ով ամիսներ շարունակ, գտնվելով Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19-ի դպրոցի խորհուրդում, չգիտես ինչու, տնօրենի ընտրությունների շրջանում ակտիվացել և փորձում է համացանցում բարձրաձայնել դպրոցի խնդիրների մասին: Ըստ մամուլի հրապարակումների և դպրոցի ուսուցչական անձնակազմի` պատճառն ակնհայտ է՝ Սողոմոնյանը տնօրենի իր թեկնածուն ունի և հակաքարոզչությամբ փորձում է հասնել իր նպատակին: Վերջինիս կողմից խախտվում է օրենսդրության պահանջը, ըստ որի՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամները, տնօրենի մրցույթի հայտարարումից հետո պետք է չներգրավվեն որևէ թեկնածուի օգտին քարոզչության կամ հակաքարոզչության մեջ: Սակայն Վահրամ Սողոմոնյանը սոցցանցում ակտիվորեն հրապարակումներ է անում դպրոցի տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի և նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանի դեմ:

Դպրոցում տիրող իրավիճակին mediamall.am-ը փորձեց ծանոթանալ հենց տեղում: Մենք զրուցեցինք Ժ/Պ-ի, փոխտնօրենի և այն ուսուցչուհու՝ Սուսաննա Սահակյանի հետ, ով Վահրամ Սողոմոնյանի գաղափարակիցն է:

 

Մեր զրույցներում կարմիր թելով գնում էր այն միտքը, որ Վահրամ Սողոմոնյանը նկարում և հրապարակում է միմիայն դպրոցի բացասական կողմերը, ինչն առաջացնում է մանկավարժների բարկությունը, չէ՞ որ տարիներ շարունակ իրենց աշխատանքով փորձել են բարձր պահել դպրոցի անունը և մեկը, ով միայն վերջերս է ներգրավվել դպրոցի աշխատանքներում, կարողանում է տարիների արածն ու դրածը սևացնել, այն էլ՝ իր սուբյեկտիվ կարծիքներով, որոնք ոչ մի քննադատության չեն դիմանում:

 
 

Ուսուցիչների պնդմամբ՝ երբեմնի խաղաղ մթնոլորտը, Սողոմոնյանի՝ վերջին շրջանում իրականացրած գործողությունների պատճառով, խաթարվել է՝ ավելորդ լարվածություն առաջացնելով: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, փոխտնօրենն ու ուսուցիչներն անդրադարձան Վահրամ Սողոմոնյանի կողմից արված հրապարակումներին՝ դրանք որակելով թերի, կեղծ և իրականության հետ աղերս չունեցող: Նրանք անհանգստացած են. փորձ է արվում դրսից բերել դպրոց ու նշանակել տնօրեն մեկին, ով մեծ կապեր ունի սորոսական շրջանակների հետ։

 

Ուսուցչական անձնակազմին դեմ դուրս եկած միակ ուսուցչուհին Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Սահակյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձավ իր և նախկին տնօրենի միջանձնային լարված հարաբերություններին ու դպրոցի խնդիրների մասին բարձրաձայնելիս՝ իրեն սվիններով վերաբերող գործընկերներին: Սահակյանի խոսքով՝ նախկին տնօրենն իրեն հանդիմանել է այն բանի համար, որ իր աղջիկը, լինելով լրագրող, հոդվածներ է հրապարակում հենց այս դպրոցի մասին: 

 

Խոսակցություններ կան, որ այս փոփոխությունների հիմքը դրել է նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը, ապա Արևիկ Անափիոսյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամ»-ի աջակցությամբ: Նրանց հեռանալուց հետո էլ հայտնի դարձավ, որ փոխնախարար է նշանակվել Արթուր Մարտիրոսյանը, որը «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի տնօրենն է եղել, աշխատել է նաև «Վորլդ վիժըն» կազմակերպությունում: Հատկանշական է, որ նոր նշանակված փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին շտապեց շնորհավորել հենց ինքը՝ Վահրամ Սողոմոնյանը և գրառմամբ շեշտեց, որ միասին աշխատել են մասնակցային դպրոցի մշակման փուլում: Սա էլ հենց մտավախություն է առաջացնում, որ դպրոցի խորհրդի անդամը աջակցություն կամ հովանավորչություն կարող է ստանալ փոխնախարարի կողմից: