Հայաստանի քաղավիացիայի ոլորտը լրջագույն բարեփոխումների փուլ է թևակոխել, միևնույն ժամանակ այս ոլորտը մշտապես եղել է այսպես ասած՝ յուղոտ պատառ, հատկապես նախկին և գործող պաշտոնյաների համար, ովքեր փորձել են գրավել նաև Հայաստանի երկինքը՝ այդտեղից բիզնես օգուտներ քաղելու համար: Փորձենք պարզել, թե ովքեր են այսօր Հայաստանի երկնքի տիրակալները: Քաղավիացիայի կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ այս պահին Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներն են հետևյալ ընկերությունները
 
 
1. «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ
2. «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ
3. «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ
4. «Մարս Ավիա» ՓԲԸ
5. «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ
6. «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ
7. «Սքայբոլ» ՍՊԸ
 
«Ատլանտիս Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ (Atlantis European Airways LLC). Այս ընկերությունը հիմնադրվել է 1999-ին: Համագործակցում է «Չեխական ավիաուղիներ» եւ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունների հետ, որոնք Երեւանից թռիչքներ են իրականացնում Պրահա եւ Վիեննա, այնտեղից էլ՝ աշխարհի այլ կետեր: «Ատլանտիս Գրուպ»-ի 48 տոկոսը պատկանում է նույն «Սատուրն Ռայզեբյուրո»-ին, 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Սպարտակ Գիշյանին, 10-ական տոկոս էլ՝ Սուրեն Ավագյանին եւ Ռոլլանդ Մարգարյանին: Վերջինս նաեւ «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի տնօրենն է: Ըստ  պետական ռեգիստրի, սակայն, ընկերությունն ունի այլ սեփականատերեր:
 
Ընկերության հատկանշական կետերից մեկն այն է, որ հիմնադրման օրվանից (19.01.1999) մինչեւ 2004-ի հունվարի 19-ը՝ ուղիղ 5 տարի, ընկերության բաժնետերերից մեկը եղել է Արամ Նովելի Մարությանը, որն նախկինում նաև ՔԱԳՎ պետի տեղակալն է, իսկ 2001-2003 թթ. եղել է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը: 2008-2010 թթ. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»-ի սեփականատերերն են եղել Մարությանին պատկանող «Մարութ Գրուպ» ՍՊԸ-ն եւ «Մարուտ Գրուպ Չեկ» չեխական գրանցումով ընկերությունը: Ընկերությունն այս պահին տնօրինում է հետևյալ թվով օդանավերի:
 
 
«Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways Air Company CJSC). Հիմնադրվել է 2013 թվականի ապրիլին, ըստ էության, գալիք մրցույթներին մասնակցելու նպատակով: 50-ական տոկոսով սեփականատերերն են «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն եւ ՀՀ քաղաքացի Արմեն Արարատի Սարգսյանը:
 
 
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ. Այս ընկերությունը (IATA-ի կոդը՝ RM, ICAO-ինը՝ NGT) հիմնադրվել է 2015-ի դեկտեմբերին գյումրեցի Աշոտ Թորոսյանի (51 %) եւ թբիլիսցի Ռոբերտ Օգանեսյանի (25 %) կողմից, որոնց մեկ ամիս անց միացել է վրացի Թամազ Գաիաշվիլին (24 %): Վերջինս «Georgian Airways» ավիաընկերության հիմնադիրն էր, իսկ Օգանեսյանը՝ դրա գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ Թորոսյանը ատամնաբույժ է, բայց իրականությունն այն է, որ նրա մասնակցությունն «Արմենիայի» մեջ ձեւական էր, ինչը պայմանավորված էր օրենքով:
 
«Արմենիան Հելիքոթփերս» ՍՊԸ. Սա քաղաքացիական օդանավեր շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում: Հիմնադրվել է 2018-ի փետրվարին երեւանցի Կարեն Ալֆրեդի Վարդանյանի կողմից:  Ներկա տնօրենը Արսեն Մանուկյանն է, ով ժամանակին աշխատել է որպես ՔԱԳՎ (ներկայում՝ ՔԱԿ) աշխատակազմի ղեկավար: Կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է: «Արմենիան Հելիքոփթերսը» ուղղաթիռով կատարում է նաեւ ծանր հիվանդների տեղափոխություն հիվանդանոց (սանիտարական թռիչքներ):
 
«Սքայբոլ» ՍՊԸ.Այս ավիաընկերությունն իր տեսակով առանձնանում է, քանի որ ոչ թե ինքնաթիռ կամ ուղղաթիռ է շահագործում, այլ՝ օդապարիկ, ինչի մասին հուշում է նաեւ ՍՊԸ-ի անունը: Հիմնադրվել է 2014-ի հունիսին երեւանցի Անի Գասպարյանի կողմից: Կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է:
 
«Մարս Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ. «Մարս Ավիան» (ICAO՝ MRS) հիմնադրվել է 2013-ի սեպտեմբերին երեւանցիներ Հայկանուշ Մխիթարյանի (75 %) եւ Անահիտ Բաղդասարյանի (25 %) կողմից: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է, գրանցված է Ա. Բաղդասարյանի բնակության հասցեում՝ Սարի Թաղում: Տնօրենը նույնպես երեւանցի Գեւորգ Վարդանյանն է: Մխիթարյանը հայտնի ավիատոր Սերգեյ (Սեյրան) Վանցյանի կինն է, նաեւ «Հայք Ավիա» ավիաընկեության տնօրենն է, որի 50 տոկոսի սեփականատերը որդին է՝ Արմեն Վանցյանը:
 
Ի դեպ, օրերս տեղեկություն տարածվեց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ՝ այդ թերությունները վերացնելու համար: