Իկռայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի' այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:

«Հիմա հետդարձի ճանապարհ չունեն եւ այդ քրեական գործը ստեղծվեց: Սա ատելության խոսքի մի մաս է եւ ատելության խոսքի հետեւանք է»,-ասաց Սամսոնյանը:

Նա հավելեց, որ իրենք բացահայտել են Յութուբի այն ալիքները, որոնք ուղղակի ֆինանսավորվում են կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի կողմից, եւ մի պատգամավորի կողմից, որը հայտնի օլիգարխին հետ կապեր ունի, որոնք ատելության խոսք են տարածում ի օգուտ Նիկոլ Փաշինյանի: «Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրատվության մի տեսակի հետ, որը հերյուրանքներ, ատելության խոսք եւ զրպարտություն է տարածում: Եթե այսպես շարունակվի, առաջին տեղերում կլինեն հենց այդ յութուբյան ալիքները, որը նայում է հանրությունը: Այսօր մենք լրատվության առումով գնում ենք դեպի Հյուսիսային Կորեա»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նշեց, որ այս պահին իր դեմ կա երեք քրեական գործ. «ԱԺ նախագահն է իմ դեմ հայց ներկայացրել, այս անգամ մեծ գումարներ ուզելով՝ 3,5 մլն դրամ: Այն դեպքում, երբ ես ունեմ երկու վկա, որոնց ներկայությամբ Արարատ Միրզոյանը օգտագործել է թմրանյութ: Մենք մեր աղբյուրները չենք բացահայտելու»,-ընդգծեց նա: