Ձվի շուկայում գնի աննախադեպ գնանկումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

 

«Հնարավոր է շուկայում ունենք ավելցուկ և տնտեսվարողները ստիպված են էժանացնել հավկիթի գները, բայց միանշանակ է, որ գինն ինքնարժեքից ցածր է։ Այն տնտեսությունները, որ տնային պայմաններում են աշխատում, կարող է ինքնարժեք չեն էլ հաշվում։ Երկրորդ տարբերակով կարող է դեմպինգ է իրականացվում՝ խոշորների կողմից մանրներին դուրս թողնելու համար։ Հնարավոր է նաև, որ մանրները գնանկում անեն շուկայում դիրքավորվելու համար։ Ասեմ նաև, որ հնարավոր է ժամկետի ավարտին մոտեցող խմբաքանակներ կան, որոնք իրացվում են։ Այս բոլոր տարբերակները տեսականորեն հնարավոր են և գնահատական տալուց առաջ խորը ուսումնասիրություն է հարկավոր իրականացնել։ Պատկան կառույցների գործունեությանը, որոնք ստեղծված են դրա համար, գնահատական չեմ տալիս, քանի որ հասկանում եմ դա ժամանակատար պրոցես է և, առնվազն, մեկ շաբաթ է հարկավոր ուսումնասիրելու և իրական իրավիճակը վերլուծելու համար»,- նշեց նա։  

 

Պիպոյանը փաստեց՝ այս գնանկումով պետք է ոչ թե ուրախանալ, այլ անհանգստանալ․ «Գնանկումը վատն է, լինում են դեպքեր, երբ գնանկումը լավ է։ Այս դեպքում աննախադեպ շատ է, որը լավ բանի չի հանգեցնելու»,- ասաց նա։ 

 
 
 

Անդրադառնալով՝ ՍԱՏՄ կողմից «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) հայտնաբերված 150 արկղ՝ 54000 հատ ժամկետանց ձվին, որոնք ոչնչացվել էին, ինչպես նաև «Լուսակերտ» ՍՊԸ-ում հայտնաբերված մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներին, որոնց վրա մակնշված է եղել 2020 թ․ փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը, Պիպոյանը նկատեց․ «Մեկ արտադրողի մասին է խոսքը, իսկ մենք դաշտում ունենք բազմաթիվ խաղացողներ։ Մեկ արտադրողը գնային քաղաքականության վրա այսպես չէր կարող ազդել։ Նման մեծ քանակ վաղուց չէր ոչնչացվել, բայց մեկը մյուսի հետ ես չեմ կապում։ Ինչ վերաբերում է ապագայի մակնշմամբ ձվին, ապա խնդիրը գալիս է նրանից, որ արտադրման իրական օրը մակնշումը չի արվում, միայն շուկա դուրս գալուց առաջ է մակնշվում: Այստեղ ունենք համակարգային խնդիր»,- նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը:

 

Սոնա Հարությունյան