2018-ի իշխանափոխությունից հետո 12 քրեակատարողական հիմնարկներից 11-ում նոր պետեր նշանակվեցին։ Նրանց մեծ մասը իրավապահ համակարգում նախկին պաշտոններ զբաղեցրած անձինք են: Սակայն, առանձնապես ուշադրության արժանի է ոչ թե վերջիններիս աշխատանքային ձեռքբերումները, այլ այն, որ սույն պաշտոնյաները հանդիսացել և հանդիսանում են դասական իմաստով՝ գործարարներ, իսկ այս հանգամանքն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Օրինակ՝ Հրաչյա Ավագյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019-ի օգոստոսի 14-ին: Մինչ այդ՝ 2016-2017 թվականներին, եղել է Շիրակի կայազորի զինվորական դատախազը։ Ավագյանը 2010թ.-ից հանդիսանում է «Իրավունք և արդարադատություն» ՍՊԸ-ի 34 տոկոս բաժնետերը։ Այդ ընկերությունը լուծարվել է 2017-ին՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը, սակայն, չի հայտարարագրել իր բաժնեմասը 2016 և 2017թթ.-ին ներկայացրած հայտարարագրերում:
 
Արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թ. օգոստոսի 7-ից։ Մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնը։ Մելքոնյանը 2006թ.-ից հանդիսացել է «Մուրադյանի լալա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։ Մինչ այդ ընկերությունը պատկանել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Ռաֆայել Մուրադյանին։
 
Արման Մելքոնյանի կինը՝ Դիանա Մելքոնյանը, «Գեղարդի ոսկե աքաղաղ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է։ «Գեղարդի ոսկե աքաղաղը» հյուրանոցային համալիր է Գեղարդում, որի նկատմամբ 2018թ.-ին կիրառվել են սահմանափակումներ, իսկ 2019թ.-ին ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Հյուրանոցային համալիրը, սակայն, շարունակում է գործունեություն ծավալել։ Ստորև պետռեգիստրից վերցված տվյալները՝ կապված այս ՍՊԸ-ի հետ.
 
 
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի կինը, ըստ ընկերությունների գրանցման էլեկտրոնային ռեգիստրի, նաև «Թրի միրմեյդ բիչ» ՍՊԸ-ի տնօրենն է
 
Գերասիմ Գևորգյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ.-ի հուլիսի 25-ին։ 2005-2007 թվականներին զբաղեցրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ 2007-ին անձնական զեկուցագրի համաձայն ազատվել է քրեակատարողական ծառայությունից։ Գևորգյանը պաշտոնն ստանձնելուց առաջ՝ 2015-2018 թվականներին եղել է «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրենը։ Կոմբինատը պատկանում է գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ): Ընկերության մյուս բաժնետերը «Դերժավա-Ս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ստանիսլավ Հովակիմյանն է։
 
Կոմբինատի նոր տնօրենն այսօր, իհարկե, զուգադիպությամբ ևս կրում է Գևորգյան ազգանունը:
 
Գերասիմ Գևորգյանի որդին՝ Կամո Գևորգյանը, «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է: Ընկերությանը Սիսիանի քաղաքապետարանում վատ աչքով չեն նայում:
 
 
2018թ.-ի հունիսից Կամո Գևորգյանը հանդիսանում է նաև «Ստրոյմաստեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։