Լոնդոնի O2 Arena մարզադաշտում հայտարարել են Մեծ Բրիտանիայի Brit Awards 2020 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիրներին: Ռեփեր Stormzy-ն երկրորդ անգամ բարձրագույն պարգևն է ստացել «Բրիտանացի լավագույն մենակատար» անվանակարգում: Փոփ-երգչուհի Mabel-ը նույն պարգևն է ստացել որպես երգչուհի: Նրա High expectations դեբյուտային ալբոմը առաջին տեղերն է զբաղեցրել UK Albums Chart բրիտանական չարթում, իսկ ավելի ուշ հայտնվել Billboard 200-ում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Երգիչ Լյուիս Քափալդին միակն է, որ ստացել է երկու արձանիկ՝ «Լավագույն կոմպոզիցիա» և «Լավագույն բրիտանացի նոր կատարող» անվանակարգերում: O2 Arena-ի բեմում նա կատարել է իր “Someone you loved” հիթը: 2018թ․ նոյեմբերին կայացած ռելիզից հետո այդ թրեքը գլխավորել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի երաժշտական չարթերը:
Ռեփեր Դեյվը դափնեկիր է դարձել «Լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգում: Նրա Psychodrama սկավառակը, որը թողարկվել է 2019թ․ մարտին, գլխավորել է UK Albums Chart հիթ-շքերթը: «Գրեմմի»-ի հինգ մրցանակի դափնեկիր Բիլլի Այլիշն ընտրվել է «Լավագույն օտարերկրյա երգչուհի»: Արարողության ժամանակ նա առաջին անգամ հանդես է եկել “No time to die” երգի կենդանի կատարմամբ, որը ձայնագրվել էր Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար:
«Լավագույն բրիտանական խումբ» է ճանաչվել Foals-ը: Ռոքերների համար սա առաջին մրցանակն է Brit Awards-ում: Խմբի ֆրոնտմեն Յանիս Ֆիլիպակիսի խոսքով՝ երաժիշտները չէին սպասում, որ դափնեկիր կդառնան: Այնուամենայնիվ, Foals-ին հաջողվել է առաջ անցնել Coldplay-ից, Bastille-ից, Bring Me The Horizon-ից և D-Block Europe-ից, որոնք նույնպես անվանակարգորդների թվում էին։