ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին:
Այս մասին փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Օրենքի նախագծով՝ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Փաթեթը բավական լայն քննարկում է անցել: Միջազգային փորձաքննություն է անցել՝ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին ու ստացել դրական արձագանք»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ այն դարձնելով 8 անդամից բաղկացած: Նախատեսվում է ստեղծել նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից:
«Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները, և մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- նշեց Արդարադատության նախարարը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: