Երեկ՝ փետրվարի 25-ին, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզչական շտաբի կողմից իրականացված դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի դարձավ, որ «ԱՅՈ» քարոզչական կողմի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթել է «Garun Agency» կազմակերպությունը, որը 3 մլն դրամ է ստացել: Այսօր արդեն բուռն քննարկում սկսվեց համացանցում․ ըստ սոցիալական ցանցի օգտատերերի՝ «ԱՅՈ»-ի տարբերանշանը գողացված է 1990-ականներից։ Վերջիններս իրենց գրառմանը կից ներկայացրել են, դեռևս, 1991 թ․ Անկախության տարբերանշանը, որը, գրեթե, ոչնչով չի տարբերվում ներկայիս տարբերանշանից։ Սոցցանցի օգտատերերի համար, հատկապես, զարմանալի է այն, որ իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել մի բանի համար, որն, ընդամենը, կրկնօրինակ է։ 

 

Այս կապակցությամբ ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  և  «ԱՅՈ»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանի հետ․ «Մենք լոգոյի հետ կապված ստացել ենք 300-ից ավել հայտ, որոնք ֆիլտրել ենք բացառապես էսթետիկ, վիզուալ ընկալումներով, մեզ ավելի շատ դուր է եկել այս տարբերակը, որն ընտրել ենք։ Այն, ինչ տարածվում է սոցկայքերում, մենք դրա մասին տեղյակ չէինք, հիմա արդեն կորոշենք, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա։

Հարցին՝ «ԱՅՈ»-ի շտաբից որևէ մեկը ներկայիս լոգոն չի՞ նմանեցրել 1990-ականների լոգոյին, խոսնակը պատասխանեց․ «Փաստացի ոչ ոք չի նմանեցրել։ Ընդամենը, մեզ ամենաշատը դուր եկած տարբերակն ենք ընտրել»,- նշեց Ալեքսանյանը։

Անդրադառնալով դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված 205 մլն 560 հազար դրամին, հետաքրքրվեցինք, թե  ե՞րբ կհրապարակվի գումար նվիրաբերած անձանց անուններն ու նվիրաբերված գումարի չափերը․ «Այս պահին նվիրաբերված գումարի ամբողջ թիվը դեռ հայտնի չէ։ Ինչպես գիտեք, արտարժույթով  նվիրաբերված գումարներ կան, որոնք 24-ժամից էլ ավել տևի, մինչև հասնի։ Դրամահավաքին գումարներ նվիրաբերած անձանց անունները կհրապարակվեն ավելի ուշ. այս պահին հստակ ժամկետ չեմ կարող մատնանշել։ Երբ արդյունքներն ամփոփովի՝ այդ ժամանակ կհայտնենք»,- ասաց խոսնակը։

 

Նշենք, որ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոյի  ժամանակ հավաքված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը։

Սոնա Հարությունյան