Հանրության ուշադրության կենտրոնում մշտապես եղել են այն արտասահմանյան դրամաշնորհները, որոնք հեղափոխությունից հետո սկսել են հոսել ՀՀ պետական գերատեսչություններ, սակայն պետական դրամաշնորհները մշտապես մնացել են ստվերում։ Օրինակ, 2018 թվականի ընթացքում շուրջ 220 հասարակական կազմակերպություն պետբյուջեից ստացել է շուրջ 2,6 մլրդ ՀՀ դրամ (համարժեք է 5,4 մլն ԱՄՆ դոլարի), որից 980 մլն դրամը հատկացվել է 2018 թ. առաջին կիսամյակում: 2019-ն էլ ավելի թեժ էր։ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման շուրջ ծագած աղմուկից հետո, մամուլում և հանրության շրջանում լայնորեն քննարկվում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից տրամադրվող դրամաշնորհների թեման։ Նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, նշել էր, որ այս ներկայացման համար հատկացված 2,7 միլիոն դրամը նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհների ընդամենը 0,3 տոկոսն է և նա իրավացի է. ««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպությանը 2017-ին տրամադրվել էր 57 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ, 2019-ի առաջին 7 ամիսների տվյալներով՝ 48 միլիոն դրամի։ Պատկերը, չնչին տարբերություններով, նույնն է նաև մյուս կազմակերպությունների պարագայում։
 
«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն, օրինակ, 2017-ին ստացել է շուրջ 10 միլիոն դրամի դրամաշնորհ, այս տարի՝ 14 միլիոն դրամի։ Մոտ մեկ միլիոնով նվազել է «Կինեմատոգրաֆիստների միությանը» տրված դրամաշնորհների չափը՝ 2017-ի շուրջ 2,2 միլիոնից դառնալով 1,2 միլիոն։ Դրամաշնորհ է ստացել նաև 2018 թ․ դեկտեմբերին գրանցված «Մշակույթը հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն։ Դրամաշնորհ ստացած ՀԿ-ներից մեկը՝ ««Իֆկա» անկախ կինոգործիչների համայնք» ՀԿ-ն, գրանցվել է 2019-ի փետրվարին, սակայն ակումբը գործունեությունը սկսել է 2 տարի առաջ։ Ինչպես 2017 և 2018 թվականներին, այնպես էլ այս տարի շուրջ 250 միլիոն դրամի սուբսիդիա է տրամադրվել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ-ին՝ արտադպրոցական պարապմունքներ իրականացնելու համար։ Դպրոցականների մարզական խաղերի կազմակերպման համար 3 տարիներին էլ շուրջ 30 միլիոն դրամ է տրամադրվել «Դպրոցականների հանրապետական ֆեդերացիային»։ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն այս տարի 8.8 միլիոն դրամի դրամաշնորհ է ստացել։ Կազմակերպությունում աշխատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Կազմակերպությունը, սակայն, դրամաշնորհներ է ստացել նախորդ երկու տարիներին ևս. 2017-ին՝ 3 միլիոն դրամ, 2018-ին՝ 8,7 միլիոն դրամ։ 2019-ին ԳՄՍՆ-ն շնորհել է նաև հետևյալ դրամաշնորհները:
Հեղափոխությունից հետո պետական դրամաշնորհների են արժանացել նաև հետևյալ ՀԿ-ները և կազմակերպությունները։ Ստորև նշվածը վերաբերվում է միայն սոցապ նախարարությանը.
 
Սակայն, սա ամենը չէ. կառավարությունը նախորդ տարվա օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33, 68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Նպատակը՝ ապահովելն է, որ հիշյալ կազմակերպություններն Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին իրականացնեն դիտորդական առաքելություն: