Անհատ տաքսու վարորդներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են՝ ՊԵԿ-ը դաշտում հավասարություն ստեղծի, վերանայվի տաքսիների մինիմալ գները։
Վարորդների խոսքով՝ դաշտում կան օնլայն տաքսի ծառայություններ, որոնց մինիմալ գինը 300 դրամ է։ Այդպիսով՝ իրենց ծառայություններից քաղաքացիները չեն օգտվում։
«100 մարդուց 85-ը օնլայն տաքսի է պատվիրում։ 300 դրամով ես վառելիք լցնեմ, մեքենաս պահեմ, թե՞ տուն տանեմ։ «Յանդեքս»-ը գումարը տանում է, պետությանն էլ հարկ չի վճարում։ Ես մի օր Առաքելյան ազգանունով փոխնախարարին հարց ուղղեցի՝ «Յանդեքս»-ն ի՞նչ է, ասաց՝ դա ծրագիր է, դա տաքսի չէ։ Հեռախոսովս նկարած մեքենաներն եմ ցույց տալիս, որոնց վրա «Յանդեքս»-ի պաստառներն են կպցրած, նայում է երեսիս։ Լավ ի՞նչ անենք, գնանք ռումբ առնենք, ավտոները ծախենք, բերենք մի հատ շենք տրաքացնենք, որ մեզ ուշադրությո՞ւն դարձնեն։ Մարդկանց հեշտ չէ խաբելը, գլխների տակ փափուկ բարձ դնելը։ Ասում են՝ սենց կանենք, նենց կանենք, բայց, եթե օրենք եք գրում, ուրեմն բոլոր պայմանները ստեղծեք, նոր ասեք օրենքն ուժի մեջ է։ Ոչինչ չարած օրենքը գրում եք, մենք էլ ամեն վայրկյան՝ քայլելուց, հաց ուտելուց տուգանվում ենք, գնում ենք տուն՝ արդեն տնեցիք են տուգանում։ Էլ չգիտես՝ ինչ անես»,- ասաց վարորդներից մեկը։
Նրա խոսքով, մասնավորապես, 5000 անհատ վարորդ կանգնած է տույժ-տուգանքի խնդրի առաջ, որոնց պարտքի չափը կազմում է 900 մլն դրամ․ «Մեր պահանջն է, որ տուգանքները վերացնեն և ստուգումներ իրականացնեն օնլայն տաքսի ծառայություններում»,- նշեց նա։
Նշենք, որ նրանից մի քանիսին ՊԵԿ-ի աշխատակիցները հրավիրել են քննարկման։ Այս պահին ակցիա իրականացնողներից մի քանիսը ներսում են։