Վաղը՝ մարտի 3-ին, ժամը 11:00-ին, ավտոներկրողները բողոքի ակցիա կիրականացնեն Վրաստանի դեսպանատան դիմաց։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Արման Կարապետյանը։
Նրա խոսքով՝ «Կովկաս ավտո իմպորտ»-ը չի պատրաստվում վճարել իրենց վնասված մեքենաների փոխհատուցման գումարը, որը ընդհանուր կազմում է 700 հազար դոլար․ «Ավտոներմուծող վրացական ընկերությունը, մեքենաները օրինական ձևով ապահովագրվել է, բայց դրանց մեծ մասը ջարդուփշուր արած է բերել և չի ուզում փոխհատուցել դրա համար։ Մենք պահանջում ենք ապահովագրության գումարները, որը տվել ենք անվտանգ տեղ հասցնելու համար, բայց հրաժարվում են։ Սովորաբար, եթե մեքենան վնասված է, ապահովագրական ծախսերը վճարի, սակայն չի անում այդպես։
Գնում ենք իրենց օֆիս, ասում ենք՝ ինչու գումարները չեք տալիս, պատճառաբանում են, թե հայերը իրենց «քցել են», ինչ-որ անտրամաբանական թվեր են նշում, ասում են՝ պարտքեր եք ունեցել, չեք տվել։ Մենք էլ ասում ենք, եթե պարտքեր ենք ունեցել, ինչու եք մեքենաները մեզ տվել։ Դրա պատասխանը չունեն, որովհետև, եթե մենք մեկ դոլար պարտք էինք ունենում, ավտոմեքենան չէին տալիս»,- ասաց Արման Կարապետյանը։
Ավտոներկրողը նշեց, որ վաղը 300-400 ավտոներկրողներով բողոքի ակցիա են իրականացնելու, որպեսզի այդ գումարները վերադարձնեն մեր բյուջե։