Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 31 դեպք եւ հայտնաբերվել է 125 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն:

Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2943, գրանցվել է հիվանդանալու 80 հազար 151 դեպք:

Մահվան բոլոր դեպքերը գրանցվել են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, որտեղ մեկ օրում հայտնաբերվել է 114 նոր հիվանդ:

Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 30 հազար մարդ, ավելի քան 6,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 47 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից:

Ինչպես հետեւում է Առողջապահության պետական կոմիտեի վիճակագրությունից, անցած 24 ժամվա ընթացքում հիվանդությունից մահվան դեպքերի թիվը նվազել է 11-ով՝ 42-ից մինչեւ 31, հիվանդացածների թիվը 202-ից կրճատվել է մինչեւ 125:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը նախօրյակին հայտարարել է, որ հիվանդանալու դեպքերի նվազումը կարող է նշանակել, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը կայունանում է:

Միեւնուն ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինն ընդգծել է, որ դեռեւս շատ վաղ է խոսել այն մասին, որ երկրում արմատական բեկում է ձեռք բերվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա նշել է պատվաստանյութի եւ այլ դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ գիտական հետազոտություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: