ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներից Սերգեյ Կատասոնովին, որը վերադարձել է Ֆրանսիայից, մեկուսացրել է: Կարանտինի մեջ են նաև վերջինիս հետ շփում ունեցած խորհրդարանականները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վոլոդինը կոչ է արել արգելել Կատասանովի մուտքը խորհրդարանի շենք:

«Թող կարանտինի մեջ լինի: Ինչ վերաբերում է նրա օգնականներին՝ նրանք, ովքեր շփվել են վերջինիս հետ, նույնպես պետք է կարանտինի մեջ լինեն, դա վերաբերում է նաև խմբակցության նրա գործընկերներին: Խնդրում եմ՝ ասվածին ըմբռնումով մոտենալ»,- ասել է նա:

Վոլոդինի կարգադրության համաձայն՝ կարանտինի մեջ են բոլոր այն պատգամավորները, որ նստել են Կատասոնովի կողքին, նաև՝ վերևի ու ներքևի շարքերում: Պետդումայի պատգամավորներին, ովքեր պատրաստվում են մեկնել արտերկիր, հատկապես այն երկրները, որտեղ կորոնավիրուս է տարածված, կոչ է արել չեղարկել ուղևորությունը: