«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սոցիալական տարբեր հարաբերություններում հաշմանդամների խմբի իրավունքները և լիարժեք ինտեգրման պայմաններն ապահովելու համար նոր և գործուն իրավական լուծումների անհրաժեշտությամբ է պայմանավորված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած օրենքի ընդունման գործընթացը:
Առաջարկվող փոփոխություններով պետությունը երաշխավորում է ստեղծել գործիքներ և հավասար հնարավորություններ այլ անձանց հետ հավասար պայմանների ապահովման և համայնքներում ներառվելու համար:
Նման կարգավորումներ կան նաև գործող օրենքում և ենթաօրենսդրական ակտերում, սակայն շատ հաճախ խախտվում են հաշմանդամների համար մատչելիությունն ապահովող նորմերը քաղաքաշինության և այլ ոլորտներում:
Այս իրողությամբ է պայմանավորված նախագծի նոր դրույթը, որով ստեղծվում է մատչելիության հանձնաժողով: Այն լինելու է անկախ մարմին, որը պաշտպանելու է մատչելիության սկզբունքը և լիազորված է լինելու վերահսկողական գործառույթ իրականացնելու»: