«Ո՞ւմ տանն է հեռուստացույց միացրած, անջատե՛ք», «հասկացա՞ք դասը՝ «այո՜»», «բոլորով միասին մի՛ բղավեք», - ահա այսպիսի զավեշտալի իրավիճակում է անցնում հեռավար դասապրոցեսը: Ինչ խոսք, նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասապրոցեսին անցնելը միակ միջոցն է, որպեսզի երեխաները պարապուրդի չմատնվեն, սակայն հարկավոր է հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ դժվարություններ են առաջանում դասերն՝ օնլայն անցկացնելիս:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի թիվ 80 հիմնական դպրոցի հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Լիլիթ Կարապետյանն ասաց, որ փորձում են ամեն բան համակարգված անել, որպեսզի խնդիրներ չառաջանան. «2 օր է, ինչ աշխատում ենք այս տարբերակով: Երեխաներին նախապես զգուշացնում ենք, որ դասաժամերն անելու ենք, օրինակ 09:00-14:00-ին: Viber-ում, Whats App-ում, Messenger-ում բոլոր դասարանների և առարկաների համար բացել ենք առանձին խմբեր և յուրաքանչյուրին ուղարկում ենք հանձնարարություններ, նյութեր, այնուհետև երեխաներն իրենց տեսաձայնագրում, տնային առաջադրանքների պատասխանները նկարում, ուղարկում են մեզ: Ստուգում, սխալների ուղղում ենք անում: Տեստային առաջադրանքներ ենք կազմել, դասագրքից դուրս նյութեր ենք ուղարկում և փորձում ենք հարցերին լուծումներ տալ: Ներկա, բացակա է արվում, ով տնային առաջադրանքները չի անում, խմբում անունը պարտադիր նշվում է»,- ասաց ուսուցչուհին՝ ընդգծելով, որ ի զարմանս իրեն՝ երեխաները շատ ակտիվ են, խանդավառված:
Նրա կարծիքով՝ հեռավար դասապրոցեսը արդյունավետ տարբերակ է, քանի որ 1 ամիս ոչինչ չանելու փոխարեն՝ երեխաները հնարավորություն ունեն դասերով զբաղվելու. «Միայն ծնողների հանձնարարությամբ դասեր անելը արդյունք չէր տա, իսկ այս տարբերակը լուծում է, որ մնան դասապրոցեսի մեջ»:
Հարցին՝ ինչպե՞ս է կարգավորվում հարցը, երբ նույն ժամին տարբեր դասեր են լինում, Կարապետյանն ասաց, որ դասղեկներով համագործակցում են, որպեսզի նման դեպքերը բացառվեն:
Մեզ հետ զրույցում Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի Մարգարիտա Հայրապետյանը, թեև օգտակար է համարում հեռավար ուսուցումը, սակայն կարծում է, որ այն նաև խնդիրներ է առաջացնում. «Նյութերը նկարում Viber-ով ուղարկում եմ երեխաներին, իրենք տեսաուղերձով անգիրները, պատմությունները ներկայացնում են ինձ: Բավականին բարդ է այս պրոցեսը, եթե դպրոցում իմ առարկան տևում էր 09:00-15:00-ն, ապա հիմա ես ամբողջ օրը զբաղված եմ լինում, երեխաները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում պատասխաններն այդ ընթացքում ուղարկել, մինչև ուշ ժամերի ուղարկում են: Ես ունեմ 33 աշակերտ, բոլորը շատ ակտիվ մասնակցում են, սակայն չի ստացվում բոլորին միաժամանակ համախմբել: Հիմա բոլորս տանն ենք, ես ունեմ 2 ուսանող երեխա, ամեն մեկս մի ննջարան ենք մտնում ու երբեմն խանգարում ենք միմյանց, և հետո դրանից ինտերնետ կապն էլ է թուլանում»,- նշեց նա:
Հայրապետյանին մտահոգում է այն, որ այնպես չստացվի, որ այս դասերը համարվեն կատարված և դպրոց գնալիս՝ այլևս չանցնեն. «Ես դեմ չեմ ավել ամիս գնալ դպրոց, որպեսզի երեխան լավ սերտի դասը, հատկապես 4-րդ դասարանները, որոնք քննություն պիտի հանձնեն: Օրինակ բազմապատկում անցնելիս, եթե գրատախտակին ցույց չտամ, խմբային աշխատանք չարվի, երեխան չի հասկանա: Սրանից տուժում է, հատկապես, առարկայից թույլ երեխան, եթե ծնողն էլ ռուսերենի իմացություն չունի և դժվարանում է երեխային բացատրել»,- ասաց Հայրապետյանը:
Չնայած այս ամենին՝ երեխաներն արտագրություններ անելու տարբերակ են գտել, առանձին բացված խմբում, որտեղ չկան ուսուցիչները՝ փոխանակվում են առաջադրանքների պատասխաններով և տալիս ուսուցչուհուն: Ստացվում է՝ երեխաները ոչինչ չեն սովորում, միայն արտատպում են:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 16-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Աշակերտներն ու ուսանողները անցել են հեռավար ուսուցման։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ ամեն օր Հանրային հեռուստաալիքի եթերի տարբեր ժամերի՝ 08:30-09:30 և 11:30-12:40, կլինեն տարբեր դասեր, դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որոնք դիտողներից ինտերնետ տրաֆիկ չեն տանելու։
Սոնա Հարությունյան