Կառավարության մամուլի սրահում Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը ներկայացրեց ոստիկանության կատարած աշխատանքները՝ արտակարգ դրության պայմաններում:

 

Նա ոստիկանության գործողությունները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բաժանեց 2 փուլի. «Առաջին փուլը մենք սկսել են փետրվարի 23-ից: Ոստիկանապետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում էր այն միջոցառումներն ու ուժերը, որոնք պետք է դա իրականացնեին: Առաջին փուլում մենք սկսեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենաների ուղեկցումը՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Խնդիրը նրանում էր, որպեսզի թույլ չտանք ԻԻՀ բեռնատարների վարորդներին կոնտակտների մեջ մտնել ՀՀ քաղաքացիների հետ: Այդ ընթացքում ուղեկցեցինք, մոտավորապես, 459 տրանսպորտային միջոց, իսկ ուղեկցումների քանակը կազմում էր 98 ուղեկցում: Ուղեկցումները կատարվում էին  խմբերով՝ սահմանից դեպի տերմինալ: Հաջորդ փուլով իրականացնում էինք այն անձանց մեկուսացումը, որոնք հնարավոր է լինեին վարակակիր»,- ասաց ոստիկանապետի տեղակալը:

Նա նշեց, որ անձանց մեկուսացումը առողջապահության նախարարության անձնակազմի հետ համատեղ իրականացնում էին «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիր և Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որից հետո իրականացրել են նաև «Զվարթնոց» օդանավակայանի և «Ռենկո» ընկերության աշխատակիցների մեկուսացումը:

 

Մհրյանի խոսքով՝ ոստիկանության  գործողությունները 2-րդ փուլով սկսեցին այն ժամանակ, երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն. «Մեր կայուն պահակակետերի ցանկն ավելացավ ևս 10-ով, որտեղ տեղաբաշխվում էին մեր հնարավոր վարակակիր հայրենակիցները: Մենք իրականացնում ենք նաև ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողությունը հեռախոսակապի միջոցով: Տեղեկություններ ստանալով առողջապահության նախարարության կողմից՝ օրվա ընթացքում 4 ժամը մեկ հատ-հատ հեռախոսակապով կապնվում ենք ինքնամեկուսացվածների հետ և, եթե ունենում են բողոքներ՝ անմիջապես կապվում ենք նախարարություն և մասնագետը մոտենում է տվյալ հասցեին»,- նշեց նա։

 
 
 

Ոստիկանապետի տեղակալն ընդգծեց, որ վերոնշյալ գործողությունները ոստիկանությունն իրականացնում է 24-ժամյա ռեժիմով: