«Ֆիմա Լիդա» կարի արտադրական ձեռնարկությունն արդեն երեք օր է չի աշխատում, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Լիդա Սարգսյանը. «Չաշխատելու որոշում օրեր առաջ կայացրեցինք՝ իրավիճակից ելնելով»:
Նշենք, որ ընկերությունը հայտնվել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ երեկ հրապարակած տնտեսվարողների ցանկում, որոնք մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը:
Տնօրենի խոսքով՝ գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում չեն ստացել, իսկ որոշումը ինքնուրույն են կայացրել:
«Մենք կոստյումներ ենք արտադրում, իսկ ստեղծված պայմաններում ոչ ոք կոստյում չի գնում, ուստի՝ մեր գործունեության ժամանակավոր կասեցումն անխուսափելի էր: Մեր արտադրամասը գործում է Երևան քաղաքում, մեծ չէ, ընդամենը, 17 հոգի է աշխատում»,-ասաց Սարգսյանը:
Հարցին, թե աշխատողները հարկադիր պարապուրդի պայմաններում վճարվելու են, թե ոչ, տնօրենը դժվարացավ պատասխանել՝ մասնավորապես նշելով, որ դա իրավիճակից է կախված. «Գումար ունենամ՝ կվճարեմ, չունենամ՝ չգիտեմ: Դեռ մոտավոր պատկերացում անգամ չունենք, թե որքան չենք աշխատի, ուստի՝ ամեն ինչ իրավիճակից է կախված»: