«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ի՞ՆՉ ԱՆԵԼ
 

Եվ այսպես, Covid-19 կորոնավիրուսային համավարակը հեքիաթ չէ ու նրա դեմ պետք է պայքարել։ Թե ինչպես է այդ վարակն առաջացել ու տարածվել աշխարհով մեկ՝ այլ խնդիր է, որի մասին առայժմ միայն ենթադրություններ կարելի է անել։ Հավանաբար, սա էլ կդառնա Ջոն Քենեդիի սպանության պես մի պատմություն՝ այն տասնյակ վարկածներից, որոնք դեռ առաջադրվելու են, որևէ մեկը լիակատար վստահություն չի ներշնչի։

Իսկ այժմ մեզ պետք է հուզի գլխավոր հարցը՝ ի՞նչ անել։ Այն լուծումը, որը գործարկվել է աշխարհով մեկ՝ մեկուսացում, ինքնամեկուսացում, տնտեսական և ուսումնական գործունեության սառեցում, կարճ ասած՝ համընդհանուր կարանտին, այդ լուծումը կարող է միայն ժամանակավոր լինել։

 

Ի՞նչ են առաջարկելու անել ցուցադրաբար ինքնամեկուսացած մերկելները, եթե այս համավարակը տևի ևս 3, 4 կամ 5 ամիս։ Էլի՞ պետք է ասեն՝ նստեք տանը ու գործի մի գնացեք։ Բայց չէ՞ որ դա անհնար է։ Տեղի կունենա տնտեսության և հասարակական-քաղաքական համակարգերի ամբողջական փլուզում, որից հետո կսկվի համընդհանուր քաոս՝ զանգվածային անկարգություններ, խժդժություններ, կազմակերպված զինված բանդաների առաջացում, ընտանիքների քայքայում, պատերազմներ, գաղթ ու արտագաղթ, սով ու – իբրև հետևանք – նորանոր համաճարակներ։ Եթե մեծ տերությունները ինչ-որ կերպ, թերևս, կդիմանան այս արհավիրքներին, ապա Հայաստանի նման պետությունները հազիվ թե խուսափեն փլուզումից։ Այս կործանարար ընթացքը կասեցնելու միակ ձևը ՈՂՋԱԽՈՀ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ աշխատանքի և ուսման վերագործարկումն է։

 
 
 

ԱՄԻՍՆԵՐՈՎ ՉԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԱՆԸ ՆՍՏԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ՆՐԱՆ, ՈՐ ԱՍԵՍ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՆՍՏԵՔ ՏԱՆԸ, ԲԱՆԱԿԻՆ ՄԻ՛ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵՔ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ՄԻ՛ ՄԵԿՆԵՔ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻ՛ ԴՈՒՐՍ ԵԿԵՔ, ՉԷ՞ ՈՐ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՌՄԲԱԿՈԾՈՒՄ ԵՆ՝ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԿԱՐԾ ԶՈՀԵՐ ԼԻՆԵՆ։

 

Կարծում եմ, Հայաստանը չի կարող հետևել բազմաթիվ ուրիշ պետությունների օրինակին, որովհետև մենք գտնվում ենք առանձնահատուկ ծանր աշխարհառազմավարական դրության մեջ ու պետք է գտնենք ճգնաժամից դուրս գալու մեր սեփական ուղին։

 

Հարկավոր է պարզ գիտակցել, թե որ վտանգն է ավելի մեծ և սարսափելի Հայաստանի համար՝ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր զոհերը (որքան էլ դրանք ցավալի լինեն) ու առողջապահական համակարգի գերլարումը թե՞ մեր առանց այն էլ տկար տնտեսության վերջնական փլուզումը, մի քանի հարյուր հազարավոր մարդկանց անգործ ու չքավոր դառնալը, զանգվածային արտագաղթը, պետության գանձարանի իսպառ դատարկվելը, պետական կառույցների ու ենթակառուցվածքների քայքայումը...

 

Հետևաբար, 1 կամ 2 կամ գուցե 3 շաբաթ անց պետք է, այնուամենայնիվ, դուրս գալ աշխատանքի՝ գործադրելով, բնականաբար, առավելագույն արդյունավետ պաշտպանիչ միջոցները ու կազմակերպչական ձևերը։ Ինչպիսին դրանք կարող են լինել՝ ահա այստեղ է, որ պետությունը, մասնագետների հետ ձեռք ձեռքի տված, պետք է այսօրվանից մտածի և գտնի ստեղծագործական լուծումներ։ Բավ է նայենք շուրջներս ու կապկենք իտալացիներին, գերմանացիներին ու հոլանդացիներին։ Դա մեզ այս դեպքում հաստատ չի փրկի։