Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր աշխատանքը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը. «Ինչպես նախկինում, այս օրերին ևս, Երևանի մետրոպոլիտենը աշխատում է ամեն օր՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ը: Ընդ որում, աշխատում ենք նախկին գրաֆիկով՝ գնացքների ինտերվալը նախկինի պես 6,5 րոպե է: Թեպետ տնօրինությունը հորդորում է մնալ տանը և մետրոյով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պայմաններում»:
Նա նշեց, որ այս օրերին գնացքների չվացուցակում փոփոխություներ չեն գրանցվել, եթե այդպիսիք լինեն, ապա կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Ամեն օր՝ գիշերը ժամը 12-ին, գնացքներն ախտահանվում են: Աշխատակիցները հետևում են անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակներով են և ձեռնոցներով, իսկ մեքենավարները, ամեն անգամ նախքան իրենց գնացքը ստանալը, պարտադիր անցնում են բուժզննում՝ ջերմության, ճնշման չափում, հոգնածության ստուգում: Միայն բուժքրոջ դրական եզրակացության դեպքում՝ անցնում են իրենց աշխատանքին»,-ընդգծեց Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ այս օրերին մետրոյից օգտվողների քանակը, հարգելի պատճառներով, կտրուկ նվազել է:
«Աշխատակիցների գրաֆիկի մեջ մի փոքրիկ փոփոխություն է եղել՝ անվտանգության տարիքով աշխատակիցները, այսինքն՝ էքսկալատորի հերթապահները, աշխատանքի չեն գալիս: Նրանց փոխարինում են ավելի երիտասարդ կադրերը՝ մեծ պատասխանատվությամբ»,- ասաց խոսնակը: