«Տաքսիներում սահմանափակված է մարդկանց քանակը, որ պետք է տեղափոխվի, որպեսզի հնարավորինս քիչ մարդ լինի և պահպանվի հեռավորությունը»,- այս մասին Կառավարության նիստերի սրահում կազմակերպած մամուլի ասուլիսին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ավելի անվտանգ չէ, երբ, օրինակ, ամուսնական զույգը երթևեկի մեկ տաքսիով, քան 2 տարբեր մեքենայով, քանի որ այդպես վարակման վտանգն ու մարդկանց շրջանակն ավելի է մեծանում:
Նախարարի տեղակալի պատասխանը ենթադրում է, որ ամուսինները պարտավոր են տարբեր տաքսիներով երթևեկել, քանի որ այդպես ավելի անվտանգ է:
Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ.com-ը գրել էր, որ մարդկանց հետաքրքրում է՝ ինչ պետք է անի, օրինակ, ամուսնական զույգը որևէ տեղից տաքսիով իրենց տուն տեղափոխվելու դեպքում, երբ ստացվում է՝ իրենցից բացի մեքենայում լինելու է նաև երրորդ անձ՝ վարորդը:
«Մեքենայում 2 անձից ավել չպետք է լինի՝ ներառյալ վարորդը: Ամուսիններ լինեն, թե զույգ եղբայրներ՝ կարգը պետք է պահպանել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել էր Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ պարետի որոշմամբ՝ կարգն այդպիսին է և այն բացառություն չի նախատեսում: