«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն անդրադառնալով այն բանին, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում ծաղրել է նրա տված «Դիակն ինչպե՞ս է վարակակիր համարվելու, եթե չի շնչում» վերտառությամբ հարցազրույցը, այսօր Աժ իր ելույթում նշեց․
«Այսօր առավոտյան իմ գործընկերներն ինձ ցույց տվեցին, որ առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա էր դարձրել ֆեյսբուքում։ Ես ուզում եմ նախարարին և ընդհանրապես բոլորին վերահաստատել այն ինչ երեկ ասել եմ ու մի փոքր «սպռավոչկա» նախարարի ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում՝ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և հետևաբար մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում, չի փռշտում, հետևաբար վարակը փոխանցվում է մակերեսների շփման միջոցով, հետևաբար դիահերձման կանոնները պիտի համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին։
Առաջարկում եմ ընդհանրապես ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին և նախագծին վերաբերող հարցազրույցներն ու ելույթները լսել ամբողջությամբ՝ հնարավոր է շատ բան սովորեք և պարոն նախարար, եթե ես հանկարծ մի օր որոշեմ ձեր բոլոր սխալները մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քննարկման կամ էլ այստեղից հայտնել, հետևանքները վստահ եմ ձեզ հաճույք չեն պարգևի և ընդհանրապես կարծում եմ քննադատություններին պետք է ինչ-որ մի կերպ դիմանալ և հիշել, որ Ազգային ժողովի պատգամավորը կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ և որևիցե մեկն իրավունք չունի նրան ծաղրել դրա համար, կարող է ամենաշատը նրա հետ քննարկել կամ համոզել։ Առողջապահության նախարարն էլ, որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղվեր շատ հնարավոր էր, որ մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը»։