Կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասապրոցեսին անցնելը արդյունավետ տարբերակ է, որպեսզի երեխաները պարապուրդի չմատնվեն և մեկ ամիս ոչինչ չանելու փոխարեն՝ հնարավորություն ունենան դասերով զբաղվելու: Սակայն պարզվում է՝ ոչ բոլոր դպրոցներում են դասերը լիարժեք անցկացվում: ԼՈՒՐԵՐ.com ահազանգած դպրոցական երեխայի ծնողներից մեկն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում հեռավար ուսուցումը հավուր պատշաճի չի իրականացվում:
Ծնողը նշեց, որ գրեթե մեկ ուսուցիչ է դասերը նորմալ անցկացնում, մյուսները «մատների արանքով» են նայում հեռավար դասապրոցեսին. «Ուսուցիչներից գրեթե ոչ ոք չի միանում ծրագրին, որպեսզի դաս անցկացնի, երեխաներն ամբողջ օրը պարապ են անցկացնում: Միայն մեկ-երկու ուսուցիչ հանձնարարություն է տալիս վայբերով, հետո պահանջում պատասխանները: Խնդիրն այն է, որ նրանցից որևէ մեկը երեխաներին դաս չի բացատրում, միայն պահանջում են, բայց չէ՞ որ երեխաներին պետք է նախ բացատրել, որպեսզի նրանք առաջադրանքները կարողանան հասկանալով կատարել»,- իր մտահոգությունը հայտնեց ծնողը:
Ըստ մեր զրուցակցի՝ թեև տեխնիկական խնդիրներ կան, բայց ուսուցիչները պատճառաբանում են, թե հեռավար ուսուցմամբ՝ որևէ բան բացատրել չեն կարող, քանի որ իրենց համար շատ դժվար է:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 16-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Աշակերտներն ու ուսանողները անցել են հեռավար ուսուցման։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ ամեն օր Հանրային հեռուստաալիքի եթերի տարբեր ժամերի՝ 08:30-09:30 և 11:30-12:40, կլինեն տարբեր դասեր, դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որոնք դիտողներից ինտերնետ տրաֆիկ չեն տանելու։