Արցախի Ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Խաչատրյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին։

 

Նրա արձագանքում, մասնավորապես, ասվում է.

«Օրերս ոմն Մարինա Խաչատրյան փորձում էր իր երեւակայության շրջանակում լուտանքներ ու մեղադրանքներ հնչեցնել իմ անվան շուրջ (տես՝ ): Իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել այդ ամենին եւ թողնել անպատասխան: Սակայն քանի որ արդեն ոչ թե որոշների, այլ, ցավոք, շատերի մոտ մեր լռությունն ընկալվում է որպես «համաձայնություն», ուստի ստիպված եմ համառոտ պատասխանել տվյալ «մեղադրանքներին»: Եվ այսպես հարգելի տիկին Խաչատրյան Դուք ասում եք՝

 

1. «2016թ. ապրիլին դու ապտակել ես Արայիկ Հարությունյանին… Հիմա ինչո՞ւ ես կանգնել Արայիկի կողքին, ինչու ես Արայիկին սատարում»:

 

Պատասխանում եմ՝ Դուք ստում եք, իմ եւ Արայիկ Հարությունյանի միջեւ նման միջադեպ չի եղել: Ինչ վերաբերում է սատարելուն, ապա ես իմ կենսագրությամբ ապացուցել եմ, որ մշտապես սատարել եւ սատարելու եմ մեկին, եւ այդ մեկը իմ Հայրենիքն է…

 
 

2.Աղաղակում եք իմ ունեցած հարստության եւ այն կորցնելու վախի մասին:

Պատասխանում եմ՝ իմ ամենամեծ հարստությունը մարմնիս վրա պատերազմից մնացած սպիերն են եւ այն ազատագրված տարածքները, որով այսօր աշխարհին ներկայանում է Արցախի Հանրապետությունը: Համոզված եղեք, ես չեմ վախենում այն կարցնելու վտանգից, քանի որ Արցախը պահում են իմ, այլ ոչ թե քո նմանները:

 

3.Հարցնում եք, թե ինչ պաշտոն էի զբաղեցնում եւ, միաժամանակ ավելացնում, որ, այն հատուկ իմ հագով կարված կոստյում էր…            

 

Պատասխանում եմ՝ այստեղ եւս պետք է հիասթափեցնեմ. 1988թ.-ից սկսելով ընդհատակյա զինված պայքար, շարքայինից հասել եմ, նախ՝ բանակի հրամանատարի առաջնային գծով տեղակալի, իսկ 2007-ից՝ ԱՀ ՊՆ տեղակալի պաշտոնին: Ամենայն հավանականությամբ Ձեզ հետաքրքրում է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Ասեմ, որ այդ հաստիքը ստեղծվել է 1999թ. օգոստոսին: Ստեղծման պահից մինչեւ 2005թ. տվյալ պաշտոնն զբաղեցրել է Վիտալի Բալասանյանը: Կարծում եմ համոզվեցիք, որ այդ «կոստյումը հատուկ իմ հագով չէր կարված»:

 

4.Եվ վերջապես, ինձ կասկածում եք տղամարդ չլինելու, թասիբ եւ ինքնասիրություն չունենալու մեջ: Ավելին, ինձ կպցնում եք թալանչու պիտակ…

 

Պատասխանում եմ՝ հարգելի տիկին Խաչատրյան Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները… Եղբայրաբար խորհուրդ կտայի՝ որեւէ մեկի մասին խոսելուց կամ հրապարակավ կարծիք հայտնելուց, նրա անձին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք վերաբերվեին Ձեզ:

 

Հ. Գ. – Քանի որ այսօր ապրիլի 2-ն է, կցանկանայի առիթից օգտվելով Ձեզ եւ այս տողերը ընթերցողներին հիշեցնել, որ ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրը, սկսվեց քառօրյա պատերազմը: Այդ օրը ձեր խոնարհ ծառան ստանձնելով Սեյսուլանի (Մարտակերտ) ուղղության պաշտպանության ղեկավարումը, մեր քաջարի զինվորների անձնազոհ գործողությունների շնորհիվ, վերաազատագրեց հակառակորդի կողմից ընդամենը ժամեր առաջ գրավված դիրքերը: Ավաղ ունեցանք նաեւ կորուստներ: Ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել բոլոր մեր զոհված մարտընկերների հարազատներին եւ ողջ ժողովրդին ու հավաստիացնել, որ մեր երկիրը կանգուն է հենց նման հերոսների կատարածի շնորհիվ»,- նշել է Սամվել Կարապետյանը։