Իմ որոշմամբ, մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու և այդ գումարները օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե անիմաստ պարգևավճարները չե՞ք ուզում քչացնել և դրանք փոխանցել թոշակառուներին։

 

Նա նշեց, որ պաշտոնյաների պարգևավճարների հարցը լուծելով՝ լուծել են կարևոր խնդիր․ կարողացել են 2019 թվականի ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018-ից մինչև հիմա 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ ու նպաստ են բարձրացրել:

 

«Մենք պաշտոնյաների պարգևավճարների համար 2020-ին 1 մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2020 թվականի պետբյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների ուսուցիչների աշխատավարձերի, նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ: Այսինքն, այս գումարի 1,4%-ի չափով ենք պաշտոնյանների հետ կապված խնդիր լուծել և այդ 1,4%-ի ներդրման արդյունքում ունեցել ենք 98,6%-ի էֆեկտ»,- նշեց  վարչապետը։