Մենք խնդիր ենք դրել, որ առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բնակչության զանգվածային թեստավորում անել, որպեսզի ամբողջ պատկերը երեւա եւ հեշտ լինի կանխարգելել վիրուսի տարածումը։
«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 250–300 մինչեւ 400, բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա լինի վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար, խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել։ Հիմա մենք բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 հազարին ձգտող»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրության ստեղծելու հարցը. «Կառավարությունն այսօր որոշումն ընդունեց, մենք բավականին մեծ գումար հատկացրինք, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերենք եւ ինստիտուտին կտրամադրենք, որպեսզի նրանք արտադրությունը կարողանան ստեղծել։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում կազմակերպենք թեստերի արտադրություն եւ մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա։ Այնպես որ, այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, որովհետեւ օրը 1000–ը բավականին լուրջ թիվ է»։