Մինչ օրս արվել է մոտ 5600 թեստ, կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Նա նշեց՝ թեստավորում արվել է այնքան, որքան եղել է ցուցում. «Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ մեր կողմից մշակված և միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով: Այդ չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են և ավելի շատ թեստեր կիրականացնենք: Դա պայմանավորված է հիվանդացության մակարդակով»,- ասաց նախարարը:

 

Անդրադառնալով  կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողների թվին՝ Թորոսյանը նշեց, որ այսօր այդ գործին ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք հավելյալ ֆինանսավորվում են. «Բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորվում են հիմնականում պետական բյուջեի միջոցներով՝ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար է: Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,- նշեց  նա: