Մեկանգամյա արգելափակումը չի կասեցնի նոր կորոնավիրուսը. մեծ հավանականությամբ, COVID-19-ը, ինչպես և մարդու մյուս բոլոր կորոնավիրուսները, որոնք մրսածություն են առաջացնում, կդառնա սեզոնային հիվանդություն՝ ցուրտ ամիսներին տարածման ավելի մեծ արագությամբ: Այսպիսի եզրակացություն են կատարել Հարվարդի համալսարանի ամերիկացի գիտնականները, որոնք համակարգչային մոդելի հիման վրա կանխատեսել են առաջիկա 5 տարում COVID-19-ի տարածումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս պահին կորոնավիրուսով վարակման հետևանքով պոպուլյացիայի ձեռք բերած իմունիտետի մակարդակը հայտնի չէ, և թե այդ իմունիտետը որքան երկար կարող է պահպանվել: Բայց հավանականությունը մեծ է, որ կպահանջվեն սոցիալական հեռավորության պահպանման կրկնվող շրջաններ, որ կանխվի հիվանդանոցների չափից շատ լցվելը: Գիտնականները կանխատեսում են, որ դա տեղի կունենա մոտավորապես 2022 թվականին:

«Մենք հայտնաբերել ենք, որ սոցիալական հեռավորության պահպանման մեկանգամյա միջոցառումները, հավանաբար, բավարար չեն լինի Միացյալ Նահանգներում SARS-CoV-2-ով հիվանդացությունը ինտենսիվ թերապիայի հնարավորությունների սահմաններում պահելու համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սթիվեն Քիսլերը:

Հեղինակների կարծիքով՝ հասկանալու համար, թե երբ է մեծացվելու հեռավորության պահպանումը կրկին մտցնելու շեմը, անհրաժեշտ կլինի կատարել ընդարձակ վիրուսային թեստավորում: Դեղերի և պատվաստանյութերի հայտնվելուն զուգահեռ՝ արգելափակումների տևողությունն ու ինտենսիվությունը կշտկվի: Սակայն առայժմ SARS-CoV-2-ի դեմ պայքարելու այլ միջոց չկա՝ սոցիալական մեկուսացումից բացի:

Այնուամենայնիվ, չափազանց կոշտ մեկուսացումը, ըստ գիտնականների, կարող է բացասական դեր ունենալ, քանի որ դա թույլ չի տա իմունիտետ ձևավորվել բնակչության մոտ: Հետևաբար, գիտնականները լավագույն լուծում են համարում ընդհատվող մեկուսացման ռեժիմի ներդրումը:

«Վիրուսի առավել բարձր տարածվածության շրջանում փոխանցման ժամանակահատվածներ թույլ տալով' կարելի է արագացնել կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումը»,- նշել է հետազոտության մեկ այլ հեղինակ Մարկ Լիպսիչը: Հետազոտողները եզրակացրել են նաև, որ նոր կորոնավիրուսը գրեթե հաստատ դեռ երկար կմնա բնակչության շրջանում: Համենայնդեպս, առայժմ չկա որևէ ապացույց, որ դրա դեմ կայուն իմունիտետ է զարգանում, ինչպես դա եղավ 2003-ին՝ ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ:

Գիտնականների կարծիքով' ավելի ճշգրիտ մոդել կառուցելու համար անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների զանգվածային թեստավորման արդյունքները: Պարզելը, թե քանի մարդ է վարակվել COVID-19-ով և արդեն իմունիտետ ունի դրա նկատմամբ, որոշիչ նշանակություն կունենա պատվաստման և գործողությունների կարգի մասին որոշում կայացնելիս, եթե համավարակը ապագայում վերսկսվի:

med.news.am