Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սիմեոն Երևանցու փողոցի  բնակելի տներից մեկում։ Տունն ամբողջությամբ այրվել է, իսկ այնտեղ բնակվող ընանիքը մնացել է առանց կացարանի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց հարևանուհին: «Երեկոյան, երեխաներից մեկը ցանկացել է գնալ ննջարան, բացել է դուռն ու տեսել, որ սենյակն այրվում է: Իհարկե, զգացել են հոտը, բայց քանի որ մեր թաղամասում ամբողջությամբ սեփական տներ են, մտածել են ինչ որ մեկի վառարանի հոտն է: Հարևանուհիս երեխաներին դուրս է հանել ու էլ չի կարողացել ներս մտնել: Մի քանի վարկյաների ընթացքում տունն ամբողջությամբ այրվել է»,-պատմեց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ չորս հոգուց բաղկացած ընտանիքը բառիս բուն իմաստով մնացել է դրսում. «Ներկա պահին նրանք տարբեր հարևանների տներում են: Տունն ամբողջությամբ այրվել է, անգամ տանիք չկա: Մեր միակ խնդրանքն է, որ որևէ կերպ օգնեն այդ մարդկանց, նրանք ապրելու տեղ չունեն: Այդ տունն իրենց 15 տարվա չարչարանքն էր»: Հարցին, թե օգնություն կամ աջակցություն ստանալու նպատակով որևէ՞ մեկին դիմել են՝ նա պատասխանեց. «Քաղաքապետանից մեզ կտրականապես մերժեցին՝ ասելով, որ միջոցներ չունեն, սոցիալական ծառայությունը մերժեց, միակ հույսն այն է, որ թաղապետի տեղակալին հանդիպեցինք, նա էլ ասաց, որ հնարավորինս ամեն ինչ կանեն, որ օգնեն մեզ: Իրականում, շատ բան չենք խնդրում՝ գոնե շինանյութ լինի, որ տանիքը կառուցեն: Պատկերացրեք՝ իրենց հագի շորերից բացի ոչինչ չի մնացել»: Նա նաև նշեց, որ ընտանիքի անդամներից ոչ ոք վնասվածք չի ստացել: 
Հիշեցնենք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել՝ 21:52-ին: