«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հաղորդակցության պատասխանատուն տարածել է մի քանի կազմակերպությունների ու անհատ փաստաբանների ստորագրությամբ հայտարարություն, ինչպես իրենք են ձևակերպել, «ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ»։ Թեև սորոսականների բողոքը հիմնականում ուղղված է վեթինգի գործընթացի դեմ, որը Փաշինյանը վերջին պահին խլեց սորոսականների ձեռքից և զրկեց նրանց այս գործընթացի կուրացիայից, ակնհայտ է, որ սորոսականների դժգոհության պատճառները շատ ավելի խորն ու համապարփակ են: Դժգոհությունն ի դեպ նոր չէ առաջացել, Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո սորոսականների գրառումներից ակնհայտ էր դառնում, որ Արցախում իրենց պլանների ձախողման հիմնական մեղավորներից մեկն էլ ըստ իրենց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են: Ընդ որում, հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ հայտարարությունը անողները իրենք իրենց չեն դիտարկում իբրև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, այլ դիմում են Փաշինյանին որպես իշխանության փայատերեր՝ կոչ անելով վարչապետին մնալ պայմանավորվածությունների դաշտում: Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվում է Նիկոլ Փաշինյանի ռեզոնանսային՝ հիասթափվածների մասին արված հայտարարությունից հետո: Դրանց շարքում Փաշինյանը նշել էր նաև արևմտամետներին և առաջ էր քաշել Տեր-Պետրոսյանական «Ով մեր հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը: Սորոսական թևի այսօրվա հայտարարությունը պատասխան էր Փաշինյանի երեկվա հայտարարությանը և իրենից ներկայացնում է քաղաքական ուլտիմատում, եթե Փաշինյանը իրենց հետ չէ՝ դա կարող է ունենալ լուրջ քաղաքական հետևանքներ վերջինիս համար, որը առաջին հերթին կարտահայտվի սորոսական թևի աջակցության կորստով: Իսկ հետագայում չի բացառվում սցենար, որի համաձայն՝ սորոսական թևը վերջնականորեն դուրս կբերվի Փաշինյանի վերահսկողության տակից և կդրվի որևէ այլ արևմտամետ քաղաքական ուժի կամ գործչի վերահսկողության տակ: