ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ շատ դժվար է կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում տիրող այս իրավիճակում Հայաստանին համեմատել մեկ այլ պետության հետ, քանի որ տարբեր երկրներ տարբեր ռազմավարություններ են մշակել այս ժամանահատվածում: Օրինակ, որոշ երկներ կորոնավիրուսի թեթև դեպքերին չեն անդրադառնում, նման դեպքերում պացիենտներին անգամ չեն թեստավորում:
«Ինչ վերաբերում է մահվան դեպքերին: Այս թեմայով շատ եմ խոսել, բայց հիմա մի քիչ ավելի անկեղծ կխոսեմ: Մենք ունեցել ենք մարդիկ, վստահ եմ էլի կունենանք, որոնք 7 ամիս անկողնում պառկելուց հետո ծանր հիվանդությունից մահանում են և այնպես է ստացվում, որ նրա հարազատներից մեկը մահվան արձանագրումից մի քանի օր առաջ հպվել է նրան, ինքն էլ կորոնավիրուս է ունեցել և փոխանցել այդ վարակը: Մենք, իհարկե, մեր վիճակագրության մեջ արձանագրում ենք այդ մահը, բայց ասել, որ մարդը ինչ-որ մեկի թերացման արդյունքում է մահացել, սխալ է: Դա որևէ մեկի թերացման արդյունքը չէ, պարզապես այդպես է ստացվել և միգուցե այդ մարդը մահանար հենց այդ նույն օրը, եթե անգամ չլիներ կորոնավիրուսը»,- ասել է նախարարը: