Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերը հպարտությամբ է նշում, որ իր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միևնույն ժամանակ՝ ցավում է, որ դեռ կան երկրներ, որոնք չեն ընդունում: Պատգամավորն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիով տեսաուղերձում:
«Ապրիլի 24-ն է՝ հայերի ցեղասպանության ոգեկոչման օրը: Եվ յուրաքանչյուր տարի ես այս օրն անցկացնում եմ Վիեննայում հայ համայնքի հետ՝ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ճգնաժամային իրավիճակի պատճառով դա, ցավոք, հնարավոր չէ, սակայն դա չի նշանակում, թե մենք չենք մտածում ցեղասպանության մասին: Դեռ ավելին, մի քանի ամիս առաջ ես այցելել եմ հուշահամալիր, և ես շատ հպարտ էի՝ տեսնելու Ավստրիայի դրոշը՝ բոլոր այն երկրների հետ, որոնք ճանաչել են ցեղասպանությունը»,-ասաց Գուդրուն Կուգլերը:
Նա ցավով նշեց՝ կան երկրներ, որոնք չեն ճանաչել ցեղասպանությունը: «Անհրաժեշտ է ընդունել, որ այդ ցեղասպանությունը կատարվել է: Ես կցանկանայի այս ոգեկոչման օրը որպես հնարավորություն օգտագործել՝ ասելու՝ Հայաստանի սիրելի ժողովուրդ, սիրելի հայեր ամբողջ աշխարհում, ձեր մշակույթը, ձեր ապրող համայնքը, ձեր հավատը, այս բոլորը խորապես նվիրական են: Ես որպես Ավստրիայի խորհրդարանի անդամ, որպես Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ, մեծ պատիվ ունեմ աջակցելու հայերին ինչ-որ կերպ, որ ես կարող եմ: Ես նաև հայ-ավստրիական բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավարն եմ, և ես սա կօգտագործեմ՝ փորձելու օգնել հայերին այս օրերին: Դա անհրաժեշտ է և հնարավոր»,-ասաց նա ու հայերին այս դժվարին ժամանակներում մաղթեց լավագույնը:
Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2015-ին:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: