Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է խիստ անհեթեթ կասկածանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը: «Ըստ էության, մեղադրանքն արվում է նրա համար, որը մարդը գրավոր պայմանագրով փոխառություն է տվել մեկ այլ անձի և տոկոսները չի ստացել: Առուստամյանը ցուցմունք է տվել և չի ընդունել այն: Երեկ քննիչները ներկայացրին կալանավորման միջնորդություն, որը քննվելու է այսօրվա դատական նիստում»,- նշեց փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել: Նրա խոսքով՝ գործի շրջանակներում Սեդրակ Առուստամյանը հրավիրվել է հարցաքննության նաև նախկինում. «Դեռևս օգոստոս ամսին է հարցաքննվել ու ցուցմունք տվել, սակայն, 8 ամիս անց հիշում են, որ նման գործ գոյություն ունի»,- նշեց Սուքիասյանը: Փորձեցինք պարզել մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ փաստաբանն այլ տեղեկություններ չցանկացավ հայտնել: Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: