Շիրակի մարզի Արթիկ քաղաքում օրեր առաջ գրանցվեց կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը: Մենք տեղեկացրել էինք, որ քաղաքացին, ում մոտ հաստատվել է վարակը, տաքսու վարորդ է, և հավանաբար, Մարալիկից բնակիչ տեղափոխելիս է վարակվել: Դեպքի հաստատումից հետո անմիջապես մեկուսացրել էին նրա բազմանդամ ընտանիքի տասներեք անդամներին, որոնց թվում հղի հարսն ու մանկահասակ երեխաներն են:
Այսօր տեղեկացանք, որ վարակակրի շփման շրջանակում գտնված հարևաններին մեկուսացրել են ընտանիքներով, սակայն, մեր զրուցակցի պնդմամբ, տաքսու վարորդն, աշխատանքի բերումով, շատ ավելի մեծ շփման շրջանակ է ունեցել: «Վարակված տղամարդը վատ է զգացել, սակայն բժիշկների օգնությանը չեն դիմել: Տանն ինքնաբուժությամբ են զբաղվել, կինը ներարկումներ է արել»:
Արթիկի համայնքապետարանից տեղեկացանք, որ նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է նոր սկսվող թոքաբորբ, հիվանդը գտնվում է Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում: Արդեն իսկ մեկուսացվել են հիվանդի ընտանիքի 13 անդամները: Նրա շփման շրջանակից կասկածելի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանները եղել են բացասական:
«Քաղաքում արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները պատշաճ կերպով չեն պահվում քաղաքացիների կողմից:Դրսում մարդկանց կուտակումներ կան, իսկ ոստիկանները միայն սիմվոլիկ բնույթ են կրում»,-պնդում է Արթիկից մեզ տեղեկություններ տվող քաղաքացին և հավելում, որ վարսավիրանոցներն էլ, ոչ բացահայտ, բայց աշխատում են:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ համայնքներում, պարետի որոշմամբ, արգելվել է մուտքն ու ելքը: