Գավառի բժշկական կենտրոնի վրա օրեր առաջ տեղի ունեցած հարձակման հետևանքով բավական մեծ վնասներ էին կրել հիվանդանոցային գույքն ու խաթարվել էր բժիշկների բնականոն աշխատանքը: Կոտրված դռներ ու պատուհաններ, վնասված գույք, մեծ հաշվով՝ բռնություն առողջապահական հիմնարկության վրա՝ այս ամենին անդրադարձավ նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բոլորս գիտենք՝ հիմա ինչ վիճակում է գտնվում առողջապահական համակարգը, և ցանկացած ռեսուրսի կորուստ, թե՛ ֆիզիկական, շենքային պայմանների, թե՛ անձնակազմի մասով առավել քան կարևոր են։ Նաև շատ կարևոր է ԲԿ-ների անձնակազմի պաշտպանվածության մակարդակը: Այն, ինչ որ տեղի է ունեցել ու այն, ինչ որ ես տեսա, պարզապես անթույլատրելի է: Որևէ երկրում, որևէ հանգամանքներում այն ավերածությունները, որը ես տեսա տարբեր պալատներում, դռների, պատուհանների, պատերի հետ, կարելի է ասել մի ամբողջ անձնակազմի կողմից հարձակում է բժշկական կենտրոնի վրա, հուսով եմ իրապահ մարմինները կբացահայտեն ու կպարզեն: Իսկ մեր խնդիրը Գավառի ԲԿ-ի աշխատանքը 100 տոկոսով վերականգնելն է հնարավորինս կարճ ժամկետում»,- նշեց Թորոսյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը բժկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանից տեղեկացավ, որ կենտրոնի վերանորոգման աշխատանքներն սկսվել են:
«Պայմանագիր ենք կնքել մի ընկերության հետ, որը սեղմ ժամկետում պետք է ամբողջովին իրականացնի վերականգնման աշխատանքները: Այս պահին արդեն որոշ պատուհաններ ու դռների կոտրված ապակե մասեր վերանորոգվել են»:
Տնօրենի տեղեկացմամբ՝ կենտրոնի բժիշկներին իսկապես վնաս չի հասցվել, և կենտրոնը արագ կարողացել է վերականգնել բնականոն աշխատանքը:
Հիշեցնենք, որ Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։