«Վիրուսը այսպես թե այնպես տարածվելու է, այսինքն մի քանի տասնյակ հազար մարդ առաջիկա ամիսներին վարակվելու է և լավանալու: Դա կարող է լինել մեկ օրում, կարող է լինել տասն օրում կամ օրինակ՝ վեց ամսում»,-ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու կամ իսպառ վերացնելու մասին հարցին, ասում է բժիշկ Հայկ Մանասյանը:
«Վերջին հաշվով այդքան մարդ պետք է վարակվի: Եթե օրական վարակվելու տեմպերը այնպիսին են, որ առողջապահական համակարգը կարողանում է դրանով պատշաճորեն զբաղվել, ապա՝ կարծում եմ՝ դա սարսափելի չէ: Եթե, օրինակ, այսօր երկու հարյուր դեպք չկա, դա նշանակում է, այս երկու հարյուրը հիսուն հիսունով չորս օրում են հիվանդանալու, բայց և միևնույն է՝ հիվանդանալու են»-նշում է բժիշկը:
Անդրադառնալով գործող սահմանափակումներին՝ նա պնդում է, որ դրանք պարզապես գրված են թղթի վրա:
«Դուք ձեր աչքով եք տեսնում, որ դրանք փաստացի չեն գործում: Փողոցներում խցանումներ են, ամբողջ մայթերն էլ մարդկանցով լցված է: Պարզ չէ՞, որ սահմանափակումները ձևական բնույթ են կրում: Դրա համար էլ վարակի տարածման աճը չի նվազում»:
Բժիշկը վստահեցնում է՝ առողջապահական համակարգի խնդիրը հիվանդները չեն, այլ համակարգը ղեկավարող անձինք:
«Եթե ղեկավարող անձինք բավականաչափ գրագետ լինեն և հեռատես, ոչ մի խնդիր էլ չի լինի: Եթե նրանք լինեն անգրագետ և անհեռատես, խնդիրը, միևնույն է, լինելու է. չլինի կորոնավիրուսից, կլինի քաղցկեղից: Հայաստանում քաղցկեղից ամեն օր տասնհինգ հոգի մահանում է, և մենք մահացությունների թվով աշխարհում առաջատարներից ենք: Ինչ-որ մեկը դրա մասին մտածո՞ւմ է, կապ չունի ինչ հիվանդություն է, վատ առողջապահական համակարգից լինում են մահեր: Այս ամենը պետք չէ կապել մեկ հիվանդության հետ, եթե Հայաստանում եղան շատ մահեր, դա նշանակում է որ վատ են ղեկավարել, այլ ոչ թե սահմանափակումների թուլացումն է եղել պատճառը»:
Մասնագետի պնդմամբ՝ մինչ այս բոլորին կտրել են իրենց գործից, որպեսզի ոչ այնքան «շնորհալի» ղեկավարները կարողանան կանխել վարակի տարածումը:
«Եթե ես մեքենա վարել չգիտեմ և նստում եմ ղեկին, դա նշանակում է, որ մյուս վարորդները պետք է նստեն տանը, որպեսզի վթար չլինի: Իսկ, եթե ես մեքենա վարել գիտեմ, ապա բոլորը կարող են դուրս գալ փողոց և մեքենա վարել, արդյունքում վթար չի լինի: Վերջին երկու ամսում մեքենա վարել չիմացող վարորդները նստել են առողջապահական համակարգի ղեկին և բոլորին նստեցրել են տանը, որպեսզի իրենք վթարի չենթարկվեն: Այս երկու ամսում ավտոմեքենան արտակարգ իրավիճակում մի քիչ քշել սովորեցին, հիմա էլ ասում են քիչ-քիչ դուրս եկեք դուք էլ քշեք, մենք էլ ձեզ հետ կքշենք»-եզրափակում է բժիշկը: