ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2012թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1 587.0 մլն. դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 8.6%-ով, ընդ որում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 656.7 մլն. դոլար (նվազել է 27.5%-ով), այլ ներդրումներինը' 928.9 մլն. դոլար (աճել է 12.0%-ով), պորտֆելային ներդրումներինը' 1.4 մլն. դոլար:
Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-փետրվարին» զեկույցում։
Նշենք, որ այս ցուցանիշներից առավել կարևոր են համարվում օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Դրանց հոսքը 2011 թվականի ընթացքում կազմել է 906.3 միլիոն դոլար, իսկ 2013-ին՝ 656.7 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ու ՀՆԱ-ն 2012 թվականի ընթացքում աճել են շուրջ 7%-ով, տարբեր զեկույցներում (գործարարությամբ զբաղվելու դյուրինություն, տնտեսության ազատականություն և այլն) Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել և այլն։ Այս ամենի ֆոնին ներդրումների նվազման փաստն անհարմար դրության մեջ է դնում իշխանական տնտեսագետներին, քանի որ այն որևէ կերպ հիմնավորելու հնարավորություն փաստացի չկա։