«Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում գործի էի գալիս ճանապարհիս սկզբում տղա երեխային նկատեցի գետնին ընկած, քանի որ կողքերը շատ շներ կային հավաքված մտածեցի գզել են երեխային, մոտ գնամ օգնեմ երեխային: Այնուհետև, երբ մոտեցա 2 հոգու էլ տեսա արյունլվիկ, կապտած վիճակում, տղամարդու ձեռքերն ու ոտքերը ջարդված, արյունոտված էին: Սկսեցի բղավել, որ ժողովուրդն օգնություն ցույց տա, շտապօգնություն կանչի, արդեն հարևանները սկսեցին հավաքվել»,- ասաց հացի փռի աշխատակից Ռոզա Հարությունյանը, ով առաջինն է նկատել գետնին ընկած 3 անձանց: Նա նշեց, որ իր մտքով անգամ չի անցել, որ հնարավոր է շենքի վերևից ընկած լինեն, մտածել է շներն են գզել: Ըստ նրա՝ թեև առավոտյան է տեսել գետնին ընկած, սակայն չի բացառվում, որ դեպքը գիշերը եղած լինի: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր էին հայտնաբերել. շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ տեղեկությունների՝ հայրը երեխաներից մեկին գցել է պատուհանից, իսկ հետո ինքն է նետվել մյուս երեխայի հետ: