Հայաստանում ընթացիկ տարվա ընթացքում աննախադեպ ծավալի ծրագրեր են իրականացվելու թե՛ քանակական, թե՛ ֆինանսական առումով։ Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին, ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցի՝ հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը։

Ըստ նրա, ընթացքում են 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքները, որոնց մի մասն արդեն ավարտական փուլում են, մյուս մասը կավարտվեն մինչև օգոստոս։

«Պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտի շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ», - ասաց նա։
Տիգրան Ավինյանը կարևորեց աշխատանքների արագ և առաջանցիկ տեմպերով իրականացումը։ Փոխվարչապետի խոսքով՝ այս ծրագրերը պետք է լինեն առաջնահերթությունների եռյակում։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացում», - ասաց նա։