Երեկ՝ մայիսի 6-ին, ԱԺ նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց՝ Քաղավիացիայի կոմիտեում Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով՝ մայիսի 12-ին քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Նա նաև նշեց, որ խնդիրները ոչ թե վերջին տարիների վատ աշխատանքի արդյունքն են, այլ՝ տասնյակ տարիների: Թե սև ցուցակում հայտնվելը ինչ վնասներ կտա մեր պետությանը, ինչպես նաև որքան ժամանակ կպահանջվի խնդիրները կարգավորելու համար, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանից:

 

«Թերևս Ավինյանին սխալ են զեկուցել, քանի որ աուդիտ իրականացնելիս՝ ֆիքսում են առկա խնդիրները: Չի կարելի թերացումները վերագրել Լենինին կամ Ստալինին: Աուդիտ անցկացնելով՝ փորձում են պարզել՝ ներկա պահին մենք  ունենք հնարավորություն և կարողություն վերահսկելու ավիացիոն թռիչքային անվտանգությունը»,-նշեց նա:

Խաչատրյանը պարզաբանեց, որ սև ցուցակում հայտնվելով՝ արգելվում է Հայաստանում գրանցված ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև նույն ելույթի ժամանակ Ավինյանի այն հայտարարությանը, թե հայկական ավիաընկերությունները շուկա չեն կորցնելու, անգամ, եթե Հայաստանը հայտնվի սև ցուցակում՝ այն պարզ պատճառով, որ այդ շուկայում չեն եղել. «Սա թերևս սխալ մոտեցում է, քանի որ ավիացիոն համաշխարհային  կառույցները սերտ համագործակցում են իրար հետ և կիսվում տեղեկատվությամբ, ուստի, եթե որևէ մի պետություն կամ ավիաընկերություն աուդիտ չի անցնում, ապա այդ լուրը միանգամից տարածվում է: Բնական է, որ ավիաընկերությունները չեն ցանկանա թռիչքներ իրականացնել դեպի այն երկրներ, որտեղ կան անվտանգության խնդիրներ»:

Մեր այն հարցին, թե, եթե այնուամենայնիվ Հայաստանը հայտնվի սև ցուցակում՝ որքան ժամանակ և ֆինանս կպահանջվի այդ խնդիրները կարգավորելու համար, փորձագետը պատասխանեց. «Հստակ անհնար է ասել, բայց քանի որ Ավինյանը, Փաշինյանը և Ռևազյանը մինչև 2023 թ. կլինեն իրենց պաշտոններում, հետևաբար ոչ մի լավ բան չի լինի, նաև չի ստեղծվի հայկական ավիափոխադրող, քանի դեռ իրենք են ղեկավարում»: