ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի դասախոս, տ.գ.թ., զբոսաշրջության ոլորտի փորձագետ Սիմոն Իսկաջյանի հետ զրուցել է այն մասին, թե թագավարակից հետո ինչ զարգացումներ են սպասվում զբոսաշրջության ոլորտում։
-Ակնհայտ է, որ թագավարակը բավական մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության համար: Որոշ մասնագետներ նույնիսկ նշում են 2008 թ.-ի ճգնաժամի առավել մեծ ծավալներով կրկնության մասին: Իսկ ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում զբոսաշրջության ոլորտում:
-Զբոսաշրջության ոլորտում առկա ճգնաժամը կարելի է համարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վատթարագույնը: Ըստ ԶՀԿ – ի, 2020թ.-ին կարող են չեղարկվել մինչև 1.1 մլրդ զբոսաշրջային այցեր, ինչը կհանգեցնի շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար կորստի: Դիտարկվում է միջազգային զբոսաշրջության զարգացման 3 սցենար: Այսպես, եթե պետությունների գերակշիռ մեծամասնության կողմից առկա սահմանափակումները հանվեն հուլիսին, ապա զբոսաշրջության շուկայում անկումը կլինի մոտ 60 %, եթե սեպտեմբերին՝ 70 %, իսկ եթե դեկտեմբերին՝ առնվազն 78 տոկոս: Այդուհանդերձ այս կանխատեսումները կարելի է համարել բավական լավատեսական, քանզի արդեն իսկ տարբեր պետությունների կառավարությունների կողմից հայտարարվել է, որ ներգնա տուրիզմի ուղղությամբ սահմանափակումները կհանվեն իրավիճակի ամբողջապես կարգավորվելու դեպքում, ինչը մինչ 2020թ.-ի ավարտը քիչ իրատեսական է:
-Արդյո՞ք կարելի է ակնկալել, որ զբոսաշրջության ոլորտում կշարունակեն գործել ինչ-ինչ սահմանափակումներ նույնիսկ սահմանների վերաբացման դեպքում։
-Այո՛: Զբոսաշրջիկների համար սահմանները հնարավորինս շուտ վերաբացելու համար քննարկվում են որոշ տարբերակներ՝ ուղղված մարդկանց մեծ կուտակումները բացառելուն և ուղևորահոսքը կառավարելուն: Այսպես, Իտալիայում դիտարկվում է հյուրանոցների ամեն հաջորդ համարը օգտագործելու տարբերակը, լողափում զբոսաշրջիկների թվաքանակի սահմանափակումը: Գերմանիայում քննարկվում է ինքնաթիռներում նստատեղերի միջև առկա տարածության ընդլայնման հնարավորությունը: ՄԱԷ – ում դիտարկվում է օդանավակայաններում սպասասրահների ընդլայնման և ուղևորահոսքի կառավարման նոր համակարգի ներդրման հնարավորությունը: Այս միջոցառումների իրականացումը, միևնույն ժամանակ, էականորեն կազդեն ծառայությունների սակագների վրա: Այս համատեքստում, կարելի է կանխատեսել ներքին զբոսաշրջության ուղղությամբ պահանջարկի էական աճ, քանզի ժամանակակից մարդու համար հանգիստն ու ժամանցը կարևոր պահանջմունքներից են:
-Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համավարակը ՀՀ զբոսաշրջության ոլորտում, ինչպիսի՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ այստեղ առկա սահմանափակումների չեղարկումից հետո։
-ՀՀ -ում զբոսաշրջային ոլորտը հունվար-մարտ ամիսներին անկում է գրանցել շուրջ 15 %: Մեր երկրում ևս կարելի է դիտարկել զարգացումների 3 սցենար: Եթե սահմանները զբոսաշրջիկների համար բացվեն հուլիսի 1-ից, ոլորտում անկումը կլինի շուրջ 60 %, եթե սեպտեմբերին՝ 70 %, իսկ եթե դեկտեմբերին՝ 80 %: Միևնույն ժամանակ ՀՀ -ում էականորեն կնվազի նաև արտագնա զբոսաշրջիկների թվաքանակը: Նույնիսկ այն պարագայում, եթե սահմանափակումները զբոսաշրջիկների համար հանվեն ամռանը, առաջարկվող արտագնա զբոսաշրջային փաթեթների գները կլինեն բավական բարձր, առկա կլինեն շրջագայության որոշ սահմանափակումներ, ինչպես նաև մարդիկ չեն շտապի գնել դեպի այլ երկրներ տուրփաթեթներ՝ սպասելով իրավիճակի հետագա զարգացմանը:
Այդուհանդերձ, ՀՀ -ում արտակարգ իրավիճակի ավարտից հետո կարելի է ենթադրել ներքին զբոսաշրջության պահանջարկի կտրուկ աճ՝ 50-70 տոկոսի սահմաններում: Այս պայմաններում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, որոնք պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ՀՀ ներքին զբոսաշրջության ուղղությամբ պահանջարկի աճին զուգընթաց կարևոր է առանձին տարածաշրջանների և համայնքերի կողմից մշակել խթանող զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականություն՝ հաշվի առնելով ներքին զբոսաշրջիկների պահանջարկը և գնողունակությունը: Հարկավոր է հաշվի առնել, որ զբոսաշրջությունը բավական ճկուն ոլորտ է և կարող է արագ վերականգնվել, սակայն պետության աջակցությունն՝ ուղղված ներքին զբոսաշրջության խթանմանը և ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների աջակցմանը, հնարավորություն կտա ապահովել ոլորտի երկարաժամկետ կայուն զարգացում: ՀՀ զբոսաշրջության շուկայում հարկավոր է բացառել ոչ մասնագիտացված և/ կամ համապատասխան գրանցում չունեցող անձանց և կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը: Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած կազմակերպություններն էական աշխատանք են տանում իրենց իմիջի կառուցման, բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ և հարկավոր է խթանել նրանց միջև մրցակցության ակտիվացումը, ինչը կբերի ոլորտի որակական զարգացմանը: