իկոլ Փաշինյանն ու նրա թիմի ներկայացուցիչներն իշխանության եկան նախկիններին ճոխությունների, ծառայողական մեքենաների, պետական միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու մեջ մեղադրելու և բազմաթիվ այլ պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ։ Այս մասին գրում է Antifake.am կայքը և հավելում, որ իշխանության գալուց հետո էլ հայտարարեցին՝ կրճատելու են պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ իմքայլականները պետական բյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելիս ոչ միայն անհամեմատելի են նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, այլև անգերազանցելի են։ Վերջին պնդումը կրկին կապացուցվի ժամանակի ընթացքում։

Այս իշխանության ներկայացուցիչներից պետական գույքն ու պետբյուջեի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու առաջին շարքերում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Վերջինս ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։

Այսպես, Տիգրան Գալստյանն ինքն իր տրամադրության տակ է դրել և վարում է ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 033 HH 01 պետհամարանիշով Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան։ Գալստյանն ամենայն հավանականությամբ մտածել է, որ այդ մեքենան ավելի շատ է «իր հագով», քան այն ծառայողական մեքենան, որը նախորդ իշխանությունների օրոք ձեռք է բերվել ԱԺ աշխատակազմի ղեկավարին սպասարկելու համար։ Խոսքը գնում է 005 HH 01 պետհամարանիշով 2015 կամ 2016 թվականի արտադրության սև գույնի Toyota Camry-ի մասին, որը սպասարկել է ԱԺ աշխատակազմի նախորդ ղեկավարին։

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Nissan Patrol-ը, որը ներկայումս վարում է Տիգրան Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովին նվիրել է Գերմանիայի կառավարությունը՝ Գերմանիա-Հայաստան-GIZ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում։ Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագրի շրջանակներում մեքենան պետք է օգտագործեր GIZ-ի երևանյան գրասենյակը, իսկ ծրագրի ավարտից հետո այն պետք է հանձնվեր Ազգային ժողովին։

Ծրագիրն ավարտվել է, Nissan Patrol-ը փոխանցվել է Ազգային ժողովին և փաստորեն, Տիգրան Գալստյանը մեքենան այնքան է հավանել, որ որոշել է ոչ թե այն պահպանել օրինակ Ազգային ժողով հյուրընկալվող պատվիրակություններին սպասարկելու համար, այլ անձամբ օգտագործել այն։ 

Կայքը նաև նշում է, որ պետական պաշտոնյաների՝ այդ թվում և հանրային ծառայության վարչական պաշտոն զբաղեցնող անձանց, որոնց մեջ մտնում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ծառայողական մեքենաները ձեռք են բերվում և հատկացվում որոշակի չափանիշներին համապատասխան։

Ֆինանսների նախարարի՝ 2013թ․ հոկտեմբերի 24-ի N-938-Ա հրամանով սահմանվում են տարբեր պետական պաշտոնյաների համար ծառայողական ավտոմեքենաների առավելագույն գները։ Բացի այդ, Կառավարության 2008թ․ հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ սահմանվում է ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական մեքենայի շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը (լ) չի կարող գերազանցել 2.2 լիտրը։

Մինչդեռ Տիգրան Գալստյանի կողմից օգտագործվող Nissan Patrol-ի շարժիչի աշխատանքային ծավալը, ըստ ամենայնի 2015-ից հետո արտադրության, 5.6 լիտր է, այսինքն՝ 2.5 անգամ ավել Կառավարության որոշմամբ սահմանվածից, ինչը հետևաբար, ենթադրում է 2.5 անգամ ավելի ծախս։

 
 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։