Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում:
Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի մայիսի 12-ի նիստում:
«Մեր կարևորագույն անելիքը պետք է լինի մեդիագրագիտությունը: Եթե չկա մեդիագրագիտություն, ապա ամեն ժամ ՀՀ քաղաքացին մանիպուլացվելու, մոլորեցվելու սպառնալիքի առաջ է լինելու: Պետության կողմից hասարակության հետ աշխատանքը չունի այլընտրանք: Մեդիագրագիտությունն է, որ լուծելու է այն խնդիրը, որի առջև կանգնած է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է ունենանք այնպիսի կրթված հանրություն, որը հստակ կտարանջատի կեղծիքն ու սուտը առողջ ու հիմնավորված քննադատությունից»,- ասաց Հայրապետյանը:
Պատգամավորը նշեց, որ սուտն ու կեղծիքը տարածում են որոշ լրատվամիջոցներ, սակայն իրենք չեն պատրաստվում կասեցնել դրանց գործունեությունը:
«Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը որևէ կայք փակի, բայց ԶԼՄ դաշտում պետք է լինեն կոնկրետ գործուն նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»,- նշեց պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում: