Կենտրոնական բանկի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Ոչ բանկային թալանին» նախաձեռնության անդամները, նրանք, իրենց խոսքով, հավաքվել էին ներկայացնելու հազարավոր քաղաքացիների խնդիրները:
«Այստեղ համախմբվել ենք բարձրաձայնելու տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքը։ Հավաքագրել ենք ստորագրություններ, բոլոր այն մարդկանցից, ովքեր ասում են՝ «Ո՛չ՝ թալանին», «Ո՛չ՝ վաշխառու վարկային կազմակերպություններին»:
Նախաձեռնության գաղափարների ու իրենց դժգոհության մասին պատմում էր Մանուել Մանուկյանը, ով լրագրողներին ասաց, որ իրենց պայքարը կոնկրետ բանկերի, վարկային կազմակերպությունների, բանկային համակարգի դեմ է:
«Դիմումներ ենք ուղարկել ԱԱԾ, Ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին, Դատախազություն՝ բարձրաձայնել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները թալանում են ժողովրդին արտակարգ դրության պայմաններում: ««Գլոբալ Կրեդիտը» տոկոսը բարձրացրել է, հասցրել 450-ի, «Varks․am»-ը տարեկան տոկոսները դարձրել է183 տոկոս։ Եվ ժողովուրդը գերի է այս պահին։ Հայ ժողովուրդը Կենտրոնական բանկի ձեռքերում գերի է»։
Նա նշեց, որ Կենտրոնական բանկի մոտ հավաքվելու պատճառը հենց այն է, որ ԿԲ-ից են ցանկանում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ: Օրինակ՝ ինչ իրավունքով են լիցենզիա տվել «Մոգո»-ին, ովքեր են դրանց տնօրենները, ինչու են լիցենզիա տվել «Վարկ», «ԳուդԿրեդիտ» վարկային կազմակերպություններին։ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների պահանջը ԿԲ նախագահի հետ հանդիպումն էր, որը, սակայն, չիրականացավ։ Նրանց ոստիկանները բերման ենթարկեցին: