Գերմանիայում սպանության և մարդակերության համար ցմահ դատապարտված Արմին Մեյվեսին թույլատրվեց զբոսնել քաղաքում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը ՝ վկայակոչելով Bild հրապարակման աղբյուրներին:
Հայտնի է դարձել, որ 58-ամյա Մեյվեսը մեկ օրով բանտից դուրս է եկել՝ ուրիշ շրջանում զբոսանքի: Միևնույն ժամանակ, ինքնությունը թաքցնելու համար նրան տվել են արևային ակնոցներ և գլխարկ:
Հայտնի է, որ գեյ-մարդակերին ուղեկցում էին երկու սպա: «Մենք, անվտանգությունից ելնելով, միշտ գնում ենք ուրիշ մարզ: Այնտեղ նա կարող է զբոսնել քաղաքում», – ասել է իրավապահ աղբյուրը: Մեյվեսին այժմ բնութագրում են որպես «ընկերասեր, քաղաքավարի և մարդասեր» բանտարկյալ, որը գնում է եկեղեցական ծառայության:
2001-ի մարտին 42-ամյա ծրագրավորող Մեյվեսը Ռոտենբուրգի իր տանը սպանեց Բերնդ Յուերգեն Բրանդեսին, որի հետ ծանոթացել էր համացանցում: Մեյվեսն էլ, զոհն էլ միասեռականներ էին: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Մեյվեսը կերել է Բրանդեսի մարմնի մասերը:
Ենթադրությունները, որ մարդակերը հոգեպես անառողջ է, հերքեցին հոգեբույժները։ Նրանք միաձայն պնդեցին, որ մեղադրյալը մեղսունակ է: Կանիբալն ինքն էլ չի հերքում իր մեղքը, միայն պնդում է, թե ամեն ինչ տեղի է ունեցել տուժողի լիարժեք համաձայնությամբ: Սկզբում՝ 2004-ին, նա դատապարտվեց ինը և կես տարվա ազատազրկման մարդասպանության համար, բայց 2006 թվականին, նոր մանրամասներ ի հայտ գալուց հետո, Մեյվեսը դատապարտվեց ցմահ ազատազրկման: