Չորս պատ, հիվանդասենյակի փակ դուռ ու կիսաբաց պատուհան, որից միայն բուժհաստատության մյուս մասնաշենքն է երևում։ Արդեն երրորդ օրն է՝ մեկուսացված եմ ու ապրում եմ հստակ ռեժիմով։
Արթնանում եմ առավոտյան 7։30, ժամը 8-ին ջերմաչափում անում ու տեղեկացնում բուժքրոջը, 37,5 աստիճանից բարձր ջերմության դեպքում ջերմիջեցնող խմում, որից հետո էլ սկսվում է դեղերի շարքը։
Բժշկական կենտրոն տեղափոխվելու առաջին օրը երեք հետազոտություն էի անցել, որոնց պատասխանները ցույց տվեցին, որ թոքաբորբ չունեմ։ Հիմա սիմպտոմատիկ բուժում եմ ստանում, ընդունում C և B1 վիտամիններ, սրտի աշխատանքը և արյան խտությունը կարգավորող դեղամիջոցներ։
Օրվա ընթացքում ամենատհաճ հատվածը երեկոյան 17։00-ից հետո է, երբ հիվանդասենյակում նստած կամ պառկած լսում եմ հեռվից դռանս մոտեցող շարժական սեղանի, իսկ հետո նաև բուժքրոջ ձայնը, որ դուռը թակելուց հետո մտնում է հիվանդասենյակ ու ասում, որ եկել է երակային ներարկման պահը։
Երբեք չեմ սիրել երակային ներարկումները։ Նախ դրանք ցավոտ են, հետո էլ՝ առաջին փորձից գրեթե միշտ հնարավոր չի լինում ծակել երակս։ Այդպես եղավ նաև առաջին օրը, սակայն իր գործին հրաշալի տիրապետող ու բարեհամբույր բուժքույրս՝ Նարեն, որևէ մեղավորություն չուներ. սկզբնական ցավից ես էի շարժել ձեռքս ու փախցրել երակս։ Երկրորդ օրն արդեն նույն գործողությունը ստացվեց առանց դժվարությունների։
Բուժքույրերս արդեն գիտեն, որ լրագրող եմ։ Նրանցից մեկն ասաց, որ սուր աչք կունենամ ու կատակեց, թե իրենց մասին էլ չմոռանամ, երբ գրելու կլինեմ բուժման ընթացքի վերաբերյալ։
Ողջ օրս անցկացնում եմ հիվանդասենյակում, որտեղից պացիենտներին դուրս գալ չի կարելի։ Դրսից լսվող հազի ու խոսակցությունների ձայներն են հուշում, որ հարկում այլ պացիենտներ էլ կան։ Այսօր պատահական լսեցի նրանցից մեկի հարցը, որն ուղղված էր բուժքրոջը. «Ինձ վաղը թեստավորելո՞ւ են»։ Հարցից կարելի է ենթադրել, որ «հարևանս» արդեն գրեթե ապաքինվել է ու թեստավորման բացասական արդյունքի դեպքում լքելու է բուժհաստատությունը, անցնելով որոշ ժամանակով ինքնամեկուսացման։
Սնունդը ստանում ենք օրվա ընթացքում երեք անգամ, հատուկ հանդերձանքով բուժաշխատողները փակ տոպրակներով կերակուրը բերում են հիվանդասենյակ ու հեռանում։
Հոտառությունս դեռ չի վերականգնվել, երեկ ընկերներիցս մեկը՝ լրագրող Նազելի Էլբակյանը, որ ևս կորոնավիրուսի վարակակիր է ու այլ վայրում է բուժում ստանում, հեռախոսազրույցի ընթացքում կատակեց, թե պաղպաղակի համը հիշում է, բայց հիմա չի զգա, ես էլ պատասխանեցի, որ նույն կերպ հոտն եմ հիշում, և ապաքինվելուց հետո պայմանավորվեցինք միասին վայելել պաղպաղակի համն ու հոտը։
Կորոնավիրուսով վարակված հիվանդները, կախված ախտանշաններից ու առողջական վիճակից, տարբեր բուժում են ստանում։ Անկախ նրանից, թե որքան թեթև կտանես հիվանդությունը, այնուամենայնիվ վարակի հաղթահարման ընթացքն ամենահաճելի բաներից մեկը չէ, և վարակվելուց խուսափելն ավելի ճիշտ է։
Կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսի հետո կա՛ կյանք…