Վաղը՝ մայիսի 18-ին, հանրային տրանսպորտը կսկսի գործել ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ Երևանում, սակայն  պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ՝ երթևեկության ժամանակ ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ և ձեռնոց։ Նրանք նաև պետք է ունենան մանրադրամ, որպեսզի հնարավորինս խուսափեն դրամին դիպչելու առիթներից։ Հանրային տրանսպորտ բարձրանալիս ուղևորները մուտքի մոտ ստիպած կլինեն սպիրտային գելերով ախտահանել ձեռքերը, և որ ամենախնդրահարույցն է՝ ավտոբուսներում և երթուղայիններում ուղևորների թիվը պետք է հավասար լինի տեղերի քանակին։ Տրոլեյբուսներում և մետրոյի վագոններում, որոնք համեմատաբար ավելի ընդարձակ են, կարելի է կանգնել, սակայն պետք է խուսափել ուղևորների կուտակումներից։

 
 

Երևանի տրանսպորտային համակարգի հնարավորությունների և սահմանափակումների իրատեսական լինել-չլինելու մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

«Տեսել ենք Ուկրաիանայի օրինակը, որով պարզ է դառնում, որ այդ վերահսկողությունը չի գործելու: Շարունակվելու է նույն պատկերը. որքան որ հնարավոր է մարդիկ կտեղավորվեն հանրային տրանսպորտում և կերթևեկեն իրար շատ մոտ նստած կամ կանգնած, նաև խցկված»,- ասում է Խաժակյանն ու հավելում, որ երևանյան տրանսպորտային համակարգում եղած միկրոավտոբուսների թվաքանակով հնարավոր չէ իրականացնել պարետատան սահմանափակումը՝ մարդկանց թվաքանակի մասով:

«Երթուղայինների թիվը չի բավարարի, որ յուրաքանչյուր մեքենա բարձրանա այնքան ուղևոր, որքան սահմանված է օրենքով, կամ էլ մարդիկ կմնան կանգառներում շատ երկար ժամանակ: Մինչ այս տրանսպորտը հազիվ էր հերիքում մարդկանց մի կերպ, խցկված տեղափոխման համար, հիմա ի՞նչ է փոխվել, որ սկսի պատշաճ կերպով իրականացնել այս գործընթացը»,- նշում է ավագանու անդամը: 

 

Մեջբերեցինք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանի այն պնդումը, թե ուղևորները քիչ կլինեն նոր պահանջների պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ ուսումնական հաստատությունները դեռ փակ են։ Խաժակյանն այս պնդմանն ի պատասխան նշեց, որ բազմաթիվ միկրոավտոբուսներ դուրս են մնացել երթուղուց  և վստահություն հայտնեց, որ այս ընթացքում էլի շատ շատերը դուրս են մնալու, իսկ դա կրկնակի ծանրաբռնվածություն է ստեղծելու, ինչը նկատելի է լինելու: Այսինքն, եթե ուսումնական հաստատությունները փակ են, ապա դրան զուգահեռ էլ կրճատվել են ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը:  Խաժակյանի պնդմամբ՝ տրանսպորտը պարզաապես չի վերահսկվելու քաղաքապետարանի կողմից և սահմանափակումները դառնալու են փաստացի չգործող: 

«Չեն գործելու նաև մյուս սահմանափակումները, ներառյալ՝ դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջը: Մենք մինչ այս տեսել ենք, թե մարդիկ ինչքանով են կատարում պարետատան ցուցումները: Խնդիրը նրանում է հիմնականում, որ տրված է ցուցում՝ առանց պետության կողմից դիմակների ու ձեռնոցների ապահովման, տեսնում ենք, որ դիմակների ու ձեռնոցների գները սկսվում են 250-300 դրամից, իսկ կառավարությունը դեռևս գործուն աջակցություն չի ցուցաբերել այն մարդկանց, որոնք պետք է ամեն օր, օրը մի քանի անգամ փոխեն այդ դիմակներն ու ձեռնոցները, և այս պարագայում ֆինանսապես շատ դժվար կլինի շատերի համար անընդհատ դիմակ ու ձեռնոց ձեռք բերել»,- ասում է Խաժակյանն ու նաև մտահոգություն հայտնում, որ քաղաքապետարանի աշխատակիցները քանակապես էլ չեն կարող վերահսկել, թե քանի ուղևոր նստեց երթուղային կամ քանիսը կանգնած մնաց, միակ պահանջը կլինի այն, որ գոնե տրանսպորտի ախտանումն իրականացվի պատշաճ կերպով, և այս իրավիճակում շեշտադրման տակ հենց այս հարցը լինի:

 

Ավագանու անդամի համար մտահոգիչ է նաև մանկապարտեզների հարցը. «Ասում են, որ երեխաների երեսուն տոկոսը պետք է հաճախի մանկապարտեզ, բայց թե ինչպես է դա կարգավորվելու՝ չի ասվում, այսինքն՝ ով երեխային շուտ հասցնի մանկապարտեզ, ինքն է երեսուն տոկոսի մեջ լինելու: Ես հասկանում եմ այս սահմանափակումների կարիքը կա, սակայն դրանց կարգավորումն ու վերահսկումն էլ պետք է լինի պատշաճորեն, թե չէ մեզ մոտ սահմանափակումները կմնան խիստ ձևական մակարդակում»,- եզրափակում է Դավիթ Խաժակյանը: